Թուրքիայի ԳՇ նախկին պետն ակնարկել է ընդդեմ Էրդողանի հավանական ռազմական հեղաշրջման մասին

122

1960-ի մայիսի 27-ին Թուրքիայում տեղի ունեցավ առաջին ռազմական հեղաշրջումը, որի արդյունքում կախաղան հանվեց այն ժամանակվա վարչապետ Ադնան Մենդերեսը:

Օրերս Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը հարցազրույց էր տվել Cumhuriyet թերթին, որն ընկալվեց որպես ակնարկ ու սպառնալիք՝ ուղղված Էրդողանին: Հոդվածը տպվել էր «Հեղաշրջումը հնարավոր էր կանխել, եթե Մենդերեսը հայտարարեր արտահերթ ընտրությունների օրը» վերնագրով:

Բաշբուղը, խոսելով 1960-ի իրադարձությունների մասին, ասել է, որ, ամենայն հավանականությամբ, ռազմական հեղաշրջումը կկանխվեր, եթե Մենդերեսը միջադեպից երկու օր առաջ ելույթ ունենալիս (1960 թ. մայիսի 25-ին) հայտարարեր արտահերթ ընտրությունների օրը: Բաշբուղը բացատրել է, որ, իր կարծիքով, զինվորականները չէին փոխի կառավարությունը, որը որոշում կկայացներ արտահերթ ընտրությունների մասին, քանի որ դա հասարակության մեջ բացասական ընկալում կառաջացներ և «կնշանակեր գործողություն ընդդեմ ժողովրդի կամքի»:

Այս խոսքերը լրջորեն զայրացրել են Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցներին: Բաշբուղի խոսքերը որպես ակնարկ է ընդունվել, թե Էրդողանը պետք է գնա «արտահերթ ընտրությունների հիմա, և նրան ոչինչ չի սպառնա»: Բաշբուղն իր փաստաբանների միջոցով հայտարարել է, որ ինքը դա նկատի չուներ:

Վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում արտահերթ ընտրությունների թեման սկսել է ակտիվորեն քննարկվել. պատճառը երկրի ֆինանսատնտեսական իրավիճակն ու անընդհատ պատերազմական միջամտություններն են, որոնք նաև բավական ծախսատար են։

Նշենք, որ Էրդողանի կառավարման ժամանակ սկսվել էր պայքար բանակի դեմ՝ անընդհատ ռազմական միջամտությունները կանխելու համար։ Այդ պայքարում կարևոր դերակատարներից էր ժամանակին երկրի ԳՇ պետ Բաշբուղը, որը իշխանությունների կողմից ձերբակալվել էր և երկար տարիներ անցնում էր դատական գործընթացներով։