ԶԼՄ. Թրամփը կտրված էր իրականությունից, երբ նրա կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում

99

Նախագահ Դոնալդ Թրամփը կտրված էր իրականությունից, երբ նրա կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում, գրում է BI-ը` վկայակոչելով իրեն մոտ մարդկանց բազմաթիվ հաղորդագրությունները:

Հաղորդվում է, որ ճգնաժամի ընթացքում Թրամփի օգնականները հրաժարվել են նրա հետ շփվելու փորձերից:

Հարձակման ընթացքում, որը ստիպեց Կոնգրեսին ժամանակավորապես հրաժարվել ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը հաստատելու գործընթացից, Թրամփը գտնվում էր Սպիտակ տանը` պաշտպանելով իր կողմնակիցներին եւ հրաժարվելով դատապարտել բռնությունը, հայտնում է The Washington Post-ը:

Վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը նախագահին «բացարձակ հրեշ» էր անվանել, ով «այնքան էր տարված այն պատկերացմամբ, որ իր նկատմամբ անարդար են վարվել, որ չի կարող տեսնել ավելի մեծ պատկերը»:

Axios-ը գրում է, որ Թրամփի ամենամոտ ընկերներն ու Սպիտակ տան պաշտոնյաները «ժանտախտի պես խուսափում են իրենից» եւ որ նրանք «հրաժարվել են նրա հետ շփվելու փորձից` մտավոր անհասանելի համարելով նրան»:

New York Times-ի թղթակից Մեգի Հաբերմանն ասել է, որ Թրամփի օգնականները փորձել են ստիպել նրան վճռորոշ հայտարարություն անել բռնության դեմ, սակայն նա «անտեսել է այդ խնդրանքները»:
Ըստ Politico-ի` չորեքշաբթի Թրամփի շրջակայքում սովորականից ավելի քիչ աշխատակից կար: Զեկույցում նշվում էր, որ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները գտնվում է Մերձավոր Արեւելքում:

Մի հանրապետական, որին Politico-ն որպես Թրամփի մտերիմ է բնութագրում, հայտարարել է. «Ես չեմ ուզում նրա հետ խոսել… Ի՞նչ կարող եմ ասել: Սա այն պահերից մեկն է, երբ ես չգիտեմ` որդյոք ուզում եմ մասնակցություն ունենալ»:

Պաշտոնյան, ով զրուցել է The Post-ի հետ, ասել է, որ Թրամփն այնքան զայրացած էր փոխնախագահ Մայք Փենսի վրա, որը նախագահում էր Կոնգրեսի նիստին, որ «չէր կարող տեսնել իրականությունը»: Վերջին օրերին Թրամփը բազմիցս կոչ էր արել Փենսին մերժել ընտրիչների ձայները Բայդենի օգտին եւ փոխարենը Թրամփին հաղթող հայտարարել ընտրություններում, ինչի լիազորություններ փոխնախագահը չունի:

Երբ սկսվեց Կապիտոլիումի գրոհը, նախագահը շարունակում էր հարձակվել ընտրությունների արդյունքների վրա Twitter-ում: Մի քանի ժամ անց նա տեսանյութ հրապարակեց, որում կոչ էր անում իր աջակիցներին դադարեցնել բռնությունները:

Սակայն տեսանյութում նախագահը շարունակում էր խոսել այն մասին, որ ընտրությունները գողացվել են իրենից, եւ ասում իր աջակիցներին. «Մենք սիրում ենք ձեզ. դուք առանձնահատուկ եք»: