Ղազախստանի նախագահը հոդված է գրել երկրի տարածքի վերաբերյալ ՌԴ Պետդումայի անդամի արտահայտությունից հետո

115

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Egemen Qazaqstan պարբերականում հոդված է հրապարակել, որում հայտարարել է, որ երկրի տարածքը «ոչ ոք դրսից» չի տվել, իսկ ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի կրթության եւ գիտության կոմիտեի ղեկավար Վյաչեսլավ Նիկոնովը հեռուստաեթերում հայտարարել էր, որ Ղազախստանի տարածքը Ռուսաստանից մեծ նվեր է: Այդ խոսքից հետո երկրի ԱԳՆ են կանչել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կոմարովին: Նրան հանձնվել է բողոքի նոտա: Նիկոնովն ավելի ուշ պարզաբանել է, որ իր հայտարարությամբ նկատի է ունեցել, որ երկրի շահերը լիակատար պահպանվել են Ղազախական ԽՍՀ-ի սահմանները որոշելիս:

Երեքշաբթի հրապարակված հոդվածում Տոկաեւը Ղազախստանի գլխավոր հարստությունն է անվանել «նախնիներից ժառանգած սուրբ հողը»:

«Ղազախներին այդպիսի ահռելի տարածքը ոչ ոք դրսից չի նվիրել: Մեր պատմությունը չի չափվում 1991 կամ 1936 թվականով»,- գրել է նա:

Նրա խոսքով՝ այս հողերի վրա ժողովուրդն ապրել է դեռեւս Ոսկե հորդայի, Թյուրքական խանության ժամանակներից եւ գունների ու սակերի օրոք:

Դրանից բացի, նա պաշտոնապես եւ հրապարակայնորեն կոչ է արել հակազդել «որոշ օտարերկրացիների», որոնք կասկածում են երկրի տարածքային ամբողջականությանը եւ քննադատում են բարիդրացիական հարաբերությունները: Նրա խոսքով՝ այդ աշխատանքը պետք է «զուսպ» անցկացնել:

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած եղանակով ազգային շահերը պաշտպանելուն»,- հավելել է Տոկաեւը:

Պետության ղեկավարը նաեւ նշել է, որ Ղազախստանը մյուս երկրների հետ տարածքային վեճեր չունի:

news.am