Դու կորցրել ու փչացրել ես այն, ինչ հնարավոր էր. զոհված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին

134

Զոհված զինծառայող Լևոն Խուրշուդյանի մայրը՝ Լուսինե Մկրտչյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ գրում է. 

«Այս գեղեցիկ խորհուրդ ունեցող օրը ես ափսոսում եմ, որ պետք է արտահայտեմ մեջս կուտակված ողջ ցասումն ու ցավը… Եթե իմ առաջին բաց նամակի մեջ (12.11.2020թ.) ես պահպանել էի հարգանքի կանոնները պատշաճ ձևով, այսօր, գիշերը Եռաբլուրում անցկացնելուց հետո, ես չեմ կարող և ցանկություն էլ չունեմ երկրի գերագույն ղեկավարին դիմելու հարգանքով։

Դու, քո մարդու ներվերը սղոցող ձայնով և ոչինչ չասող խոսքով ոչ թե ամանորյա ուղերձ պետք է հղեիր հայ ժողովրդին, այլ գայիր Եռաբլուր և տեսնեիր ինչ կոտորած ես արել. թե ինչպես որդեկորույս ծնողները, և ոչ միայն, գլխիկոր կանգնած շիրիմների առջև, ոչ մի սփոփանք չգտնելով, լուռ խոսում էին զոհվածների հետ` փորձելով իրենց ներկայությամբ ջերմացնել տղաների շիրիմները։ 

Դու պետք է լինեիր Եռաբլուրում և նայեիր յուրաքանչյուր որդեկորույս մոր, այրի կնոջ, որբ երեխայի աչքերի մեջ և ծնկաչոք յուրաքանչյուրիցս հատ-հատ ներողություն խնդրեիր ։Դա կլիներ հային վայել առաջնորդի վարք։ Դու կանգնում ես, հրապարակավ հայտարարում և ամբողջ մեղքը գցում նախկինների վրա։ Չասեմ, որ պատասխանատվությունից փախչելը տղամարդուն վայել չէ, հենց միայն նրա համար, որ շատ ուշ է քո մեջ տղամարդ դաստիարակելը, բայց խոսքս կձևակերպեմ` հուսամ ինտելեկտիդ համապատասխան։ Այո, դու նախկիններից ստացել ես անսարք մեքենա։ Բայց մեքենան վերանորոգելու, մեքենան վարել սովորելու և հնարավոր բոլոր ճանապարհներին ծանոթանալու փոխարեն, դու չտես երեխայի նման նստել ես վարորդի ղեկին և առաջին օրվանից գահավիժում ես անդունդը։ Մեքենան կորցրել է ակները, դռները, ապակիները, ամեն ինչ, մնացել են ղեկը և վարորդի նստարանը, բայց դու դեռ նստած ես և հենվել ես նստարանին ու շարունակում ես գահավիժել։ Ակները, այն հույսով ու հավատով լցված երիտասարդներն էին, որոնց շնորհիվ դու ստացար այդ ղեկը, բայց որոնց, առանց աչքդ թարթելու, մատաղ արեցիր քո ամբիցիաների համար։ Դռները մտավորականությունն էր, որը ճիշտ է քո դատարկ էությունն ակնհայտ տեսնում էր, բայց իր երիտասարդներին, որոնք տենչում էին բարեփոխում, մենակ չթողեց։ 

Վերին ծածկն էլ Սփյուռքն էր, որից ևս դու զրկվեցիր։ Դու ինչ հնարավոր էր կորցրել ես ու փչացրել, մարդկանց վաղվա հանդեպ ունեցած հույսն ես ոտնակոխ արել։ Մեր հայրենիքի այդ հատվածները, որ թշնամին դարեր շարունակ ոտք չէր հանդգնել դնել, այսօր, քո անհեռատես ստորագրության հետևանքով պղծում է մեր պապերից ժառանգություն ստացած սուրբ հողը։ Դու և քո ապիկար թիմը ավելի մեծ դժբախտություն չէիք կարող բերել ԱԶԳԻՍ։ Դուխով, ես սպասում եմ, դու դեռ աչքերիս մեջ պիտի նայես և ծնկաչոք բացատրություն տաս, թե ինչու այս գիշեր ես բաժակ բարձրացրի որդուս շիրիմի մոտ։ Նախորդ խոսքիցս հետո հպարտ բառը այլևս չես օգտագործում։ 

Հուսամ, այս խոսքն էլ իր ազդեցությունը կունենա»։