Ալիևն անսպասելի է համարում լոլիկի մատակարարումն արգելելու՝ Ռուսաստանի որոշումը

141

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի համար անսպասելի էր Ռուսաստանի՝ ադրբեջանական լոլիկի մատակարարումն արգելելու որոշումը:

«Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 10-ից արգելել է Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներկրումը Ռուսաստան: Արգելքի ներմուծումը կապված էր լոլիկի հարավամերիկյան  ցեց և արևելյան ցեց վնասատուներով ադրբեջանական արտադրանքի շարունակական մատակարարման հետ: Այնուհետև որոշ ձեռնարկություններից առաքումները կրկին թույլատրվեցին:

«Լոլիկի մատակարարումն արգելելու՝ Ռուսաստանի վերջերս ընդունած որոշումը մեզ համար անակնկալ էր: Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ պատժամիջոցներ կային, ռուսական կողմը դիմեց մեզ՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալը մեծացնելու համար: Դրանից հետո մեծ աճ եղավ: Եթե նայեք 4-5 տարվա արտահանմանը , ապա մեծ տարբերություն կնկատվի։ Եթե անցյալ տարի արգելքը դրված չլիներ, թեև որոշ սահմանափակումներ արդեն հանվել են, մեր արտահանումն անցած տարի կհասներ 200 հազ. տոննայի»,- ասել է Ալիևը 2020 թ. արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցության ժամանակ: