Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը տարածաշրջանի մյուս երկրների հետ կկարողանա օգտվել Նախիջևանի միջանցքից

192

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով՝ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի և Իրանի հետ կկարողանա օգտվել Նախիջևանի տրանսպորտային միջանցքից: Նրա խոսքերը մեջբերել է «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը:

«Ներկայումս Նախիջևանի միջանցքը բացելու ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ են տարվում: Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց այս միջանցքի բացումն արտացոլվել է նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մեջ: Հետևաբար, այն անպայման կբացվի, և այս ճանապարհը կօգտագործեն Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը և Իրանը»,- ասել է Ալիևը 2020 թ. արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ:

Նրա կարծիքով՝ այդ ճանապարհն առանձնահատուկ նշանակություն ունի ապագա բազմակողմ համագործակցության համար:

Ալիևը նաև հայտարարել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում երկաթուղիների վերականգնման ու արդիականացման ծրագրերի մասին, որոնց կապակցությամբ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության հետ: