In Defence of Christians-ը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին՝ դադարեցնել Էրդողանի հակաքրիստոնեական քաղաքականությունը

99

Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ԱՄՆ ազգային առաջատար In Defence of Christians («Ի պաշտպանություն քրիստոնյաների») կազմակերպությունը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ դուրս գալ ԱՄՆ-Թուրքիա խմբերից: IDC-ն նաև կոչ է անում նորընտիր պաշտոնյաներին՝ մերժել համատեղ հանդիպումների հրավերները:

«2020 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի Հանրապետությունը մի շարք հակաքրիստոնեական գործողություններ են սկսել ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Միացյալ Նահանգների քրիստոնյաների դեմ: Դեկտեմբերին Թուրքիան պատժամիջոցների արժանացավ ռուսական Ս-400 հրթիռային համակարգի գնման համար: Թուրքիան և դրա աջակցությունը վայելող զինյալները հարձակվել են նաև Արցախի, Իրաքի և Սիրիայի պատմական քրիստոնեական համայնքների վրա: Երկրի ներսում Էրդողանը նաև պահանջել է ջնջել Անատոլիայի քրիստոնեական պատմական վայրերը՝ կոչ անելով վերափոխել Սուրբ Սոֆիան, որը ժամանակին եղել է քրիստոնեության ամենամեծ տաճարը, և Խորայի եկեղեցին վերածել մզկիթի»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

«Թուրքիայի անխոհեմ արտաքին քաղաքականությունն ակնհայտորեն հակասում է ԱՄՆ շահերին Արևելյան Միջերկրական ծովում,- ասել է IDC նախագահ Թուֆիկ Բաակլինին:- Քրիստոնյաների նկատմամբ նրա բացահայտ հալածանքն այլևս չի կարող անտեսվել: ժամանակն է, որ մեր ընտրված պաշտոնյաները Թուրքիայի դեսպանատանը հայտարարեն, որ թույլ չեն տա իրենց անուններն օգտագործել Էրդողանի անխոհեմ ղեկավարման քարոզչությունը խթանելու համար»: