Մի դրվագ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման ժամանակահատվածից

64

Լրագրող Անի Գասպարյանը գրում է.«Վերջերս մեկի հետ էի զրուցում, թեման «նախկիններն» էին, ու զրուցակիցս ոգևորված պատմում էր, թե նախկին վարչապետներից մեկն ինչքան անմիջական մարդ էր, ոնց էր շփվում ժողովրդի հետ և այլն։ Ես էլ մի դրվագ պատմեցի ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման ժամանակահատվածից։ Զրուցակիցս անկեղծորեն չէր հավատում պատմածիս։ Եվ իրոք միգուցե շատերի համար այս դրվագն անհավատալի թվա: 1990 թ․, ամառ։ Վազգեն Մանուկյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը։ Բարդ ու ծանր ժամանակաշրջան էր։ Մի օր էլ, մինչ կառավարության նիստը սկսվելը, Մանուկյանը որոշում է գրասենյակային միջավայրից հեռու գտնել խաղաղ մի անկյուն, որտեղ հնարավոր կլինի մի քիչ խորհել։ Որոշում է իր մեքենայով իջնել Հրազդանի ձոր։ Գետի ափին մի բացօթյա սրճարան է գտնում, մտնում, պաղպաղակ պատվիրում, նստում։ Որոշ ժամանակ անց, երբ որոշում է հաշիվը փակել և դուրս գալ, ձեռքը տանում է գրպանը, տեսնում՝ մոտը գումար չկա։ Մատուցողին ասում է, որ մոռացել է գումար վերցնել և խոստանում է, որ քիչ անց ինչ-որ մեկի հետ գումարը կուղարկի։ Մոտենում է սրճարանի սեփականատերը և ասում, թե խնդիր չկա, կարող է չվճարել, բայց փոխարենը թող իր մեքենայով տուն հասցնի իրենց գիշերային հերթափոխի աշխատակցին։ Մանուկյանը աշխատակցին տանում է տուն, որն ապրում էր Զեյթունում, ապա շտապում կառավարություն նիստի։ Ո՛չ սրճարանի մատուցողը, ո՛չ էլ սեփականատերն այդպես էլ չեն իմանում, որ այդ հաճախորդը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։ Հ․Գ․ Հայաստանում այն ժամանակ չկար ինտերնետ ու ֆեյսբուք, և մարդիկ ավելի անհոգ ու երջանիկ էին»։