Հունաստանի և Իսրայելի միջև կնքվել է ամենամեծ երկկողմ պաշտպանական համաձայնագիրը

129

Հունաստանի կառավարությունը հավանություն է տվել Իսրայելի հետ 1,68 միլիարդ դոլար արժողությամբ լայնամասշտաբ պաշտպանական համաձայնագրին, որի գործողության ժամկետը 20 տարի է: Գործարքը կնքվել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների մակարդակով. հայտնում է Իսրայելի ԱԳՆ–ն:

Համաձայնագրի շրջանակներում իսրայելական Elbit պաշտպանական կոնցեռնը կստեղծի Հունաստանի օդուժի օդաչուների պատրաստման դպրոց:

Բացի այդ՝ գործարքը ներառում է 10 Alenia Aermacchi M-346 Master (Lavi) գերձայնային ուսումնական ինքնաթիռների մատակարարում օդաչուների առաջատար ուսուցման համար, Beechcraft T-6 Texan II (Efroni) ուսումնական ինքնաթիռների շահագործում, թռիչքների սիմուլյատորների մատակարարում և նյութատեխնիկական ապահովում։

Դա ամենամեծ պաշտպանական գործարքն է Հունաստանի և Իսրայելի միջև, որոնց հարաբերությունները վերջին տասնամյակի ընթացքում վերաճել են պաշտպանական-տնտեսական դաշինքի՝ Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության ֆոնին:

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ «համաձայնագիրն արտացոլում է հիանալի և շարունակական հարաբերություններ Հունաստանի հետ, գործընկերություն, որը ծառայում է երկու երկրների շահերին՝ Միջերկրական ծովի տարածաշրջանը կայունացնելու համար»:

Yerkir.am