Հաղթանակը համայն հայության հարստությունն էր, որ խայտառակ ձևով մեզանից խլվեց․ Հովիկ Ասմարյան

156

Պատերազմի թեժ, բայց արժանապատիվ օրերին՝ մի երեկո, Հովիկ Ասմարյանը Ստեփանակերտում իր հիմնադրած «Սամրա»  կաֆե-ռեստորանի բոլոր սեղանները փողոց հանեց, միացրեց լույսերը, հյուրերին նստեցրեց, ու երգեցին բարձր, որ թուրքը տեսնի ու հասկանա՝ ապրում են:

Պատերազմը, քաղաքի մյուս սննդի կետերի պես, սկզբում փակել էր նաև «Սամրայի» դռները։ Բայց պատահեց այնպես, որ հարևանների հետ դրսում զրուցելիս, Հովիկ Ասմարյանին մի խումբ լրագրողներ մոտացան ու  ասացին՝ ռեստարանը փակ է, խնդրում ենք մեզ թեկուզ մի կտոր հաց տալ, առավոտից այստեղ ենք ու չկարողացանք հաց ուտել։

«Մենք փակ էինք, բայց, երբ որ խնդրեցին, դե մենք, իհարկե, ունենք սառնարան, սպասք, մտանք, պատրաստեցինք, կերան։ Անշուշտ ուզեցին վճարել, ասացինք՝ ոչ, որովհետև մենք աշխատեցինք ոչ թե որպես ճաշարան, այլ մարդկայնորեն՝ մեկը եկավ՝ խնդրեց, որ անոթի է, այդ հիման վրա հյուրասիրեցինք»,-Yerkir.am-ին պատմեց Հովիկ Ասմարյանը։

Այդ գիշեր խորհրդակցեց կնոջ հետ՝ քանի պատերազմ է, այդպիսի խնդիրներ լինելու են, ու որոշեցին, որ իրենք էլ այդ կերպ իրենց նպաստը բերեն Արցախին․ չեն փակի ռեստորանը, սնունդ կպատրաստեն և անվճար կտրամադրեն դրա կարիքն ունեցողներին։ Ժամանակի հետ նրանց նախաձեռնության մասին իմացան այլ մարդիկ ևս, առաջարկեցին՝ ինչով կարող են օգտակար լինել, իրենք էլ խնդրեցին ուղարկել Ստեփանակերտում չեղածը՝ կարտոֆիլ, կաղամբ և այլն, ու շարունակեցին հյուրասիրությունը մինչև պատերազմի վերջը։

Էսմերյան եղբայրները՝ Հովիկը և Վրեժը, 9 տարի առաջ Արցախ են տեղափոխվել Հալեպից,  Ասկերանում ու Կովսականում նռան այգիներ տնկել, Ստեփանակերտի իրենց տանը կից բացել արևելյան ուտեստների կաֆե-ռեստորանը։

«Ամբողջ պատերազմի ժամանակ, երբ քաղաքի մեջ ուժեղ ռմբակոծում էր լինում, հոգեկան մի զգացում կար, որ՝ մեր տղերքն այնտեղ սահմանին են, մենք էլ՝ այստեղ ենք։ Եվ կույր հավատք կար, որ պիտի հաղթենք։ Անշուշտ, հաղթանակն այն չէր, որ անպայման հասնենք Բաքու կամ մի նոր տարածք գրավենք, ինքնին երբ անհավասար պատերազմի մեջ ես, քո գոյատևելը, քո դիրքերը պահելը ինքնին հաղթանակ է»,-ասաց Հովիկ Ասմարյանը։

Այս հպարտությունն է նա համարում հայի ամենաուժեղ կողմը, որը մեզնից խլվեց հայրենիքը հանձնելու ստորագրությամբ։

«Միանշանակ, Հայաստանի Հանրապետության վարչապետը պիտի հրաժարական տա, միանշանակ։ Մեր ամենաուժեղ կողմը մեր հպարտությունն էր․ որևէ մեկ հայ առաջինն ասում է՝ քրիստոնյա եղանք, երկրորդը՝ Արցախի պատերազմը հաղթեցինք։  Եվ դա մի բան էր, որ պատկանում էր համայն հայության, դա համայն հայության հարստությունն էր այդ հաղթանակը։ Եվ շատ խայտառակ ձևով դա մեզանից խլվեց»,-ասաց Հովիկ Ասմարյանը։

Նա, անշուշտ, ընդունում է, որ պատերազմը միայն հաղթանակներ չեն, կա նաև պարտություն, բայց, ասում է, մի կետ կա, որ սպասում ես քո ղեկավարից՝ արժանապատվությունը․ ինչպիսի՞ ժողովուրդ պիտի լինի, եթե ղեկավարը արժանապատվություն չունենա։

«Ամբողջ աշխարհի մեջ որևէ մեկը եթե վնասի, նորմալ ղեկավարը կասի՝ ես չկրցա, ես կհրաժարվեմ, փորձեք փրկել․ այսպիսի բառերով։ Դե մերը չէր տեսած, կյանքի մեջ ոչ մի բան չէր տեսած, աթոռը տեսավ, խենթացավ»,-մեկնաբանեց նա։

Կովսականի նռան այգիները ադրբեջանցուն անցան, Ասկերանինը՝ կա։ Ստեփանակերտի ռեստորանն աշխատում է գրեթե դրսից եկող հյուրերի շնորհիվ՝ շաբաթը 2-3 օր։ Բայց անգամ այս կորուստները Հովիկ Ասմարյանը երկրորդական է համարում, ասում է՝ ամեն հայի համար ոչ թե հողի կորուստն է էականը, այլ հպարտության։

«Ոնց որ թանգարանի մեջ մի արժեքավոր կտոր կա ու դու չես էլ օգտագործում, կամ պապիկիցդ մնացած ավտո եթե ունես, այդ ավտոն նույնիսկ եթե չքշես էլ, դա հպարտություն է, հաղթանակ է»,-բացատրեց նա։

Հովիկ Ասմարյանը պատերազմի ամբողջ ընթացքում Արցախում է մնացել ու վստահ է՝ մեր բանակը թույլ չէր, մեր բանակը չպարտվեց, պարտվեց ղեկավարությունը, մի քիչ էլ ժողովուրդը, որովհետև հավատաց։

«Դավաճանության պարագան․․․ ես ոչ դատախազ եմ, ոչ դատավոր, դա իմ իրավասության մեջ չէ, թող Ազգային անվտագության ծառայությունը պարզի ու ներկայացնի դատարան։ Նիկոլ Փաշինյանը պարզապես այդ մարդը չէր, ինչպես ասվեց՝ ինքը մեկ կոլխոզ չէր ղեկավարել, ինքը այդ ունակությունը չուներ, որ պատերազմ վարեր, պետություն ղեկավարեր»,-ասաց Հովիկ Ասմարյանը։

Այս վիճակում Արցախում մնալու հարցը ամենացավոտներից է։ Լուրերը, որ հայ զինվորին թույլ չեն տալիս Հայաստանից Արցախ մտնել, նոր մտորումների տեղիք են տվել։

«Արցախը անհայտ իրավիճակի մեջ է․․․ հայ զինվորը, մանավանդ մեզ համար, մեր Աստվածն է։ Հայկական ավանդության մեջ էլ է այսպես՝ մենք միայն սիրո և երգի Աստված չենք ունեցել, զենքի Աստված էլ ենք ունեցել։ Հայ զինվորի չլինելը մեծ տարակուսանք է առաջացրել բոլորի մոտ, բայց, կկարծեմ թե, արցախահայության վերջնական մնալ կամ չմնալը պիտի որոշի Արցախի կարգավիճակը․ մենք ո՞վ ենք, մենք ի՞նչ ենք, հենց այս կարգավիճակը որ հաստատվի, մարդիկ արդեն կորոշեն՝ ինչ անել»,-ասաց Հովիկ Ասմարյանը։

Արցախում գոնե փոքր ներդրումներով աշխատատեղեր բացել, նրա խոսքով, պատրաստ են ոչ միայն հեռավոր, այլև մերձավոր Սփյուռքի ներկայացուցիչները, միայն թե, նախ՝ պետք է հստակեցվի ինչ կարգավիճակում են լինելու հայերը։

«Եթե մենք լինելու ենք Ադրբեջանի կազմի մեջ, դա, միանշանակ, կնշանակի, որ Արցախը դատարկվելու է, ժողովուրդը դուրս կգան։ Եթե ազատ, անկախ է լինելու, էլի՝ ի՞նչ քարտեզով։ Փաշինյանը որևէ մեկ հեռանկար չձգեց։ Գիտեք, եթե միայն Լաչին ճանապարհը, այդ նեղ անցքն է կապելու Հայաստանի հետ, գոնե այդ ճանապարհի վրա հայ զինվոր պետք է կանգնի։ ժողովուրդը կվախնա։ Ես ինչպե՞ս վստահեմ ռուսներին, ոչ հեռու պատմության օրինա՞կը հաշվի առնելով, երբ վրացիները մտան Աբխազիա և Հարավային Օսիա, 2-3 օր հետո նոր ռուսը եկավ։ Այսինքն, ինքը ամեն բան անելու է ինչպես իրեն հարմար լինի, ոչ թե՝ մեզ։ Իսկ ո՞վ իր երեխան այդպիսի քմահաճույքի կձգի»,-ասաց Հովիկ Ասմարյանը։

Նա համարում է, որ իրավիճակը ծանր է։ Եթե փոփոխություն չլինի, հայությունը Արցախից դատարկվելու է և թյուրքերը հասնելու են իրենց նպատակին նաև Հայաստանում։

Աննա Բալյան, Yerkir.am