Զոհվածների, անհետ կորածների և գերիների թվերի հրապարակումը շոկային է լինելու․ Ռուբեն Մելիքյան․ Yerevan.Today

275

Yerevan.Today-ը գրել է․ «Զոհված, անհետ կորած համարվող և գերի զինծառայողների իրական թիվը չհայտնելը համարում եմ մեր օրենսդրության խախտում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավապշատպան Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով Պաշտպանության նախարարության կողմից զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը չհայտնելուն։

Հիշեցնենք, որ ի պատասխան «Փաստինֆո»-ն գրավոր հարցմանը ՊՆ-ն նշել էր, որ  Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ։

Մելիքյանը օրենքը մանրամասնելով նշեց․ «Թե՛ համապատասխան օրենքը, և  թե՛ կառավարության որոշումը հնարավորություն չեն տալիս պետական գաղտնիք համարել այն տեղեկատվությունը, որի մասին մենք խոսում ենք։ Այսինքն  մենք այստեղ գործ ունենք առաջինը՝ օրենքի խախտման հետ և երկրորդ՝ տեղեկատվություն ստանալու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի խախտման հետ։ Տեղեկատվության ազատության ամբողջ փիլիսոփայությունը նրանում է, որ եթե դու  պաշտոնական տեղեկություն չես տրամադրում ապա ոչ պաշտոնական տեղեկությունները կլարող են կյանքի իրավունք ստանալ և մարդիկ կարող են հավատալ այդ նույն 800 գերու մասին ինֆորմացիային, դա իմ կարծիքով չափազանցված թիվ է, բայց շատերը կարող են դրան հավատալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք չունենք դրա պաշտոնական այլընտրանքը։ Եթե իշխանությունները իրականում խնդիր ունեն անցանկալի տեղեկություններ թաքցնելուց ապա պետք է  գիտակցեն, որ դա կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ հենց իրենց համար։ Հասարակությունը պարտավոր չէ չհավատալ այն  տեղեկություններին, որոնք տարածվում են, քանի որ չկա պաշտոնական տեղեկատվություն։ Իշխանությունները հերթական անգամ սխալ հաշվարկ են արել»։

Իրավապաշտպանը նշում է, որ հարցում ուղարկած լրատվամիջոցը կարող է դիմել վարչական դատարան՝ պարտավորեցման հայցով՝  պահանջելով պարտավորեցնել Պաշտպանության նախարարությանը հրապարակել տեղեկատվությունը։

«Սա երկարատև գործընթաց է, այդ ամենը հասկանում է քաղաքական ղեկավարությունը, և այդ պատճառով կարծում եմ այս ապօրինությունն է թույլ տալիս»,- ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով, թվերի հրապարակումը շոկային է լինելու հանրության համար և այժմ իշխանությունը հանրությանն է նախապատրաստում․ «Առավելևս, որ  անհայտ կորածների մասով ցավոք ունենք շատ լուրջ իրվիճակներ նոյեմբերի 9-ից հետո։ Ես այն կարծիքին եմ, որ իշխանությունը գրկած մարդիկ վախենում են այդ շոկային իրավիճակից։ Այդ մարդիկ թվերի հրապարակումը կարող են համարել իրենց համար խիստ անցանկալի, հաշվի առնելով որ նրանք ամբողջությամբ տապալել են իրենց ստանձնված բոլոր գործառույթները»։