ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Ռումինիայում

39

Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության համաձայն՝ ԱՄՆ ՌՕՈՒ MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքերը և մոտ 90 զինծառայող տեղակայվել են Ռումինիայի Կըմպիա Տուրզիի ավիաբազայում:

«ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ռումինիայի Կըմպիա-Տուրզիի քաղաքում գտնվող 71-րդ ավիաբազայում տեղակայել են MQ-9 Reaper ԱԹՍ-ներ և  մոտ 90 հոգանոց անձնակազմ՝ ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցող տեղեկատվության հավաքագրման, դիտարկման և հետախուզության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Անօդաչու թռչող սարքերը և ռազմական անձնակազմը տեղակայվում են «երկար» ժամանակով, բայց ինչքան, չի նշվում:

Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեֆրի Հարիգիանի խոսքով՝ այս ռազմավարական վայրում անօդաչու թռչող սարքերի տեղակայումը «հուսադրում է դաշնակիցներին և գործընկերներին», բայց նաև «հակառակորդներին հասկացնում» է, որ ցանկացած սպառնալիքին կարող է պատասխան տրվել:

Զինվորականները նշել են, որ անօդաչու թռչող սարքերի և ռազմական անձնակազմի տեղակայումը համաձայնեցված է Ռումինիայի իշխանությունների հետ, խոսում է ԱՄՆ-ի «հավատարմության» մասին Եվրոպայում անվտանգությանը և կայունությանը, նաև ուղղված է ՆԱՏՕ-ի դաշնակիցների «ու այլ եվրոպացի գործընկերների» հարաբերությունների ամրապնդմանը:

MQ-9 Reaper-ը արտադրում է ամերիկյան General Atomics ընկերությունը: Անօդաչու սարքի արագությունը ժամում ավելի քան 400 կիլոմետր է, առավելագույն թռիչքային բարձրությունը՝ 13 հազար մետր, թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժամ:

Yerkir.am