Սփյուռքը պարզապես լուռ հետևում է տեղի ունեցող կործանարար գործընթացներին և ապրում այնպես, կարծես այս ամենն այլևս իրենց չի վերաբերում

161

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար – նախարարի նախկին առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը իր ՖԲ էջում գրում է, –

Ինչ-որ տարօրինակ, անբացատրելի, աննորմալ բան է տեղի ունենում: Նոյեմբերի 9-ի ստորացուցիչ հայտարության ստորագրման պահից անցել է համարյա 2 ամիս: Արդեն 2 ամիս է կորցրել ենք Շուշին ու Հադրութը, խոնարհաբար թշնամուն ենք հանձնել Քարվաճառն ու Քաշաթաղը, լքել ենք մեր բազմադարյա սրբավայրերը` Ղազանչեցոցը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը և շատ այլք: Արցախի Հանրապետություն ըստ էության այլևս գոյություն չունի: Վտանգված է Հայաստանը: Աշխարհում առաջին անգամ որևէ երկրի պետական սահմանները գծվում են GPS-ով ու թշնամու կամայական քարտեզներով` բանավոր փոխըմբռնումների շրջանակներում: Արդյունքում կենսական աշխարհաքաղաքական նշանակության միջպետական ճանապարհի որոշ հատվածներ, հսկայական տնտեսական նշանակության հանքավայր հայտնվել են թշնամու վերահսկողության տակ: Նույնիսկ պատմության մեջ առաջին անգամ երկու թշնամական պետությունների միջև սահմանն անցնում է պետություններից մեկի գյուղամիջով… Անգամ խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից 2 ամիս անց Հայաստանի իշխանությունները չեն հայտնել զոհերի, վիրավորների, գերիների, անհետ կորածների թվերը, ավելին` Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դրանք պետական գաղտնիք են (թերևս ևս մեկ պատմական նախադեպը չունեցող փաստ): Հայաստանում իշխանական շրջանակների կողմից անթաքույց պրոադրբեջանական և պրոթուրքական քաղաքականություն և քարոզչություն է տարվում` դիվանագիտական և առևտրատնտեսական հարաբերություններ կառուցելու կոչերով…
Ահա այս ամենի ֆոնին հայկական աշխարհը պահպանում է անհավատալի, աներևակայելի լռություն: Աշխարհով մեկ սփռված և տասնամյակերով հայկական պետականության մասին երազող Սփյուռքը լուռ դիտում է, թե ինչպես է հետևողականորեն վերացվում Հայաստանի ողջ անվտանգային համակարգը, թե ինչպես է բացահայտորեն ադրբեջանաթուրքական շահերը սպասարկող Հայաստանի դավաճան իշխանությունը կործանում 30 տարվա հայկական պետականությունը:
Բոլորս շատ լավ հիշում ենք, թե Սփյուռքում ինչ հսկայական բացասական արձագանք եղավ, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները, իսկ խոսքն այն ժամանակ ընդամենը առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման մասին էր: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ստիպված էր անձամբ այցելել Սփյուռքի հայաշատ գաղթօջախները և փարատել մեր շատ հայրենակիցների մտահոգությունները:  
Պատերազմի 44 օրերին ողջ Սփյուռքը մի բռունցք դարձած հայրենիքի կողքին էր: Հարյուրավոր հայորդիներ շտապում էին ռազմաճակատ, բազմահազարանոց ցույցեր էին կազմակերպվում աշխարհի բոլոր հայաշատ քաղաքներում, մարդիկ վերջին խնայողություններն էին ուղարկում հայոց բանակին: Ամեն ինչ տրամաբանական էր ու բնական: Եվ բացարձակ անտրամաբանական, անբնական և անհասկանալի է այժմյան լռությունը: Միթե ակնհայտ չէ, որ այսուհետ վտանգված է ոչ միայն Արցախը, այլև արդեն Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը, մեր բոլորիս հայրենիքը` Հայաստանը: Այո, Սփյուռքի շատ ազդեցիկ կազմակերպություններ, ինչպիսին է օրինակ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU) և առանձին անհատներ հանդես են եկել ստեղծված իրավիճակը դատապարտող հայտարարություններով և Կառավարության հրաժարականի պահանջով: Սակայն այն ահեղ ցասման պոռթկումը, որ սպասելի էր Սփյուռքում, տարօրինակ կերպով չկա ու չկա: Մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը պարզապես լուռ հետևում է տեղի ունեցող կործանարար գործընթացներին և ապրում այնպես, կարծես այս ամենն այլևս իրենց չի վերաբերում: Միթե մի գավառական տգետ ծաղրածու ի վիճակի եղավ, նույնիսկ հայրենիքի համար այս օրհասական պահին, պառակտելու նաև տասնամյակներով պահանջատեր և մեծի մասով էությամբ ՀայԴատական Սփյուռքը: Միթե այլևս բոլորի նպատակը հզոր ու անկախ Հայաստանը չէ: Միթե ճիշտ էր Արթուր Դանիելյանը, երբ ասում էր, որ վերջին 30 տարում Նիկոլն ու նրա իշխանությունն ամենարդար բանն էր, որ պատահել է մեր ժողովրդին… Դեռևս հույս ունեմ, որ ոչ…