Սաուդյան Արաբիան և Քաթարը բացել են օդային, ցամաքային և ծովային սահմանները

21

Սաուդյան Արաբիան կբացի իր ցամաքային, օդային ու ծովային սահմանները Քաթարի հետ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Քուվեյթի արտաքին գործերի նախարար Ահմեդ Նասեր ալ-Սաբահը. հաղորդում է Reuters-ը:

«Այս գիշեր պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել օդային, ցամաքային և ծովային սահմանները Սաուդյան Արաբիայի և Կատարի միջև», – ասել է նա: Գործիչը նշել է, որ համաձայնագիրը կստորագրվի Պարսից ծոցի երկրների գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Էր-Ռիադում՝ հունվարի 5-ին:

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նշել է, որ առաջիկա գագաթնաժողովը կդառնա միավորող իրադարձություն:

2017-ի ամռանը Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին`Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու և նրանց ներքին գործերին միջամտելու մեջ: Դրան հաջորդեցին տնտեսական պատժամիջոցները և էմիրության տրանսպորտային շրջափակումը: Մասնավորապես, երկրները փակել են օդային տարածքը Քաթարի ավիացիայի համար: Քաթարն արաբ հարևանների որոշումն անհիմն է անվանել: Ավելի ուշ Քառյակը կազմել էր պահանջների ցանկ, որոնք Դոհան համարել էր անիրագործելի և կոչ արել վերանայել: Դրանք ներառում են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փակում, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցում և Քաթարում թուրքական ռազմաբազայի վերացում: