Պատերազմում տուժած զինծառայողների վերականգնողական բուժումն իրականացվելու է անվճար․ առողջապահության փոխնախարար

124

Մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումը, իրականացվել, իրականացվում և իրականացվելու է բացառապես անվճար` պետական պատվերի շրջանակներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։

 «Հարգելի ընկերներ, հայրենակիցներ

վերջին օրերի ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկանում եմ, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների արտերկիր տեղափոխման և արտերկրում բուժօգնությունը շարունակելու նպատակով սոցիալական ցանցերում դրամահավաքներ են կազմակերպվում:

Հարկ եմ համարում նշել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը իրականացվել, իրականացվում և իրականացվելու է բացառապես ԱՆՎՃԱՐ` պետական պատվերի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) օբյեկտիվ անհնարինության դեպքում զինծառայողների օտարերկրյա պետություններ բուժման (հետազոտության) ուղարկելու հետ կապված ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ևս կծածկվեն պետության կողմից (21 ապրիլի 2016 թվականի N 410-Ն կառավարության որոշում):

Այսպիսով, կոչ եմ անում դրամահավաքներին մասնակից լինելուց առաջ խորապես ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները»,- գրել է նա։