Հնարավոր է՝ Ադրբեջանը պատերազմում կիրառել է նաև թուրքական TRLG-230 համակարգերը․ razm.info

38

Սոցցանցերում վերջին օրերին տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է ադրբեջանական «Կամազ» մեքենայի վրա մոնտաժված համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործարկում։ Պատկերում երևացողը բավական նման է թուրքական Roketsan ընկերության արտադրած TRLG-230 ՀԿՌՀ֊ներին, սակայն չենք պնդում, որ երևացողը հենց դա է, քանի որ TRLG-230 համակարգերը դեռ նոր են և չկան նույնիսկ թուրքական սպառազինությունում։ Այս մասին գրում է razm.info մասնագիտացված կայքը։

«Այս համակարգերը «Կամազ» մեքենաների վրա փորձարկվել էին 2020թ. օգոստոսին։ Համակարգը հագեցած է լազերային ուղղորդվող հրթիռներով։ Տեսանյութում երևում է, որ դրանք փորձարկվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ների հետ․ ԱԹՍ-ն նշում է թիրախը, հրթիռը՝ խոցում այն։ Այն ժամանակ ենթադրելի էր, որ «Կամազ»֊ի վրա փորձարկումները կարող են հենց Ադրբեջանի համար լինել։

Այդպիսի ենթադրություն արել էինք նաև հունիսին, երբ իսրայելական IAI ընկերությունը փորձարկել էր LORA օպերատիվ-մարտավարական հրթիռները՝ տեղադրված բելառուսական 8×8 «Վոլատ» մեքենայի շասսի վրա։ Ադրբեջանում շահագործում են հենց այդ մեքենայի վրա տեղադրված տարբերակը, քանի որ Ադրբեջանի ԶՈւ ավտոպարկում արդեն իսկ կային այդ մեքենաներից, ինչը շահագործման ու սպասարկման տեսանկյունից ավելի հարմար էր դարձնում:

Նշենք նաև, որ Ադրբեջանի բանակում «Կամազ» մեքենաների վրա են մոնտաժված թուրքական արտադրության այլ ՀԿՌՀ-ներ՝ T-122 «Սաքարյա», T-300 «Քասրղա» և դրա կառավարվող հրթիռներով տարբերակը՝ TRG-300-ը: