Համազգային օրակարգերի վերականգնման հրամայականը-2

197

Պետությունը կա, երբ կան և գործում են պետական ենթակառուցվածքները, երբ ապրում են մարդիկ, և պետական մարմինները զբաղվում են ազգապահպանմամբ: Մոդայիկ երևալու, առաջադեմ ընկալվելու կամ օտար ծրագրեր սպասարկելու համար հաճախ մարդիկ կարծում են, թե իրենք պետք է անպայման լինեն աշխարհաքաղաքացի, գլոբալիստ: Իրենց թվում է, թե գլոբալիզացիան բերելու է բացվելուն, աշխարհն ընդունելու է նման մարդկանց կամ հասարակություններին:

Ժամանակակից աշխարհը որքան էլ սպառման ավելացման ուղղությամբ զարգանա՝ միևնույն է, պետք եղած ժամանակ պետությունները փակվում են, որպեսզի պահպանեն իրենց քաղաքացիներին: Այդպես եղավ նաև կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Եվրոպական երկրների վարքագիծը դրա ցայտուն օրինակն էր: Նրանք նույն գոտու, նույն արժույթի, նույն մոդայի և տեխնոլոգիական զարգացման փուլում են, բայց փակվեցին: Մեր նման երկրները աշխարհին պետք է ներկայանան այլ կերպ: Մենք մեր ուժեղ կողմերը պիտի ի ցույց դնենք, մենք հին ազգ ենք, մեր վարքն ու բարքը, ընտանիքի ինստիտուտը, նիստ ու կացը, մեր առասպելներն ու հեքիաթները, մեր օրորոցայիններն ու դարավոր ճանապարհը, մեր ազգային մշակույթը տարբեր է: Մեր ընտանիքները եռասերունդ են, մի քանի սերունդ ապրում են նույն հարկի տակ՝ մեծը իր տեղն ունի, փոքրը իր, իրար նկատմամբ պատասխանատու են բոլորը: Մեր ավանդույթներն ու մշակույթը հազարամյակների հիմք ունեն:

Անշուշտ պետք է զարգանալ, զարգանալ աշխարհի մարտահրավերներին դիմակայելով, թույլ չտալով, որ մեզանից ստեղծեն միայն սպառողներ, մեզ բաժանեն իրարից: Մեզ բաժանում են դաշտ տարատեսակ գրանտներ նետելով, մեզ բաժանել են բռնություն գործադրողների և բռնության ենթարկվածների, մեկը երեխաներին է իբր թե պաշտպանում, մյուսը՝ կանանց, երրորդը այս կամ այն շերտին: Այս պաշտպաններն էլ մեկ ակտիվանում են մեկ լռում, խոսում են ըստ պատվերի, օրինակները շատ են: Եվ այսպես հայ ազգը շերտավորելով, բաժանարարներ մտցնելով՝ քայքայում, պառակտում և ատելություն են սերմանում: Այս տրամաբանությունից ելնելով էլ ստեղծվում են իրավական կարգավորումները և պետական մարմինները:

Անշուշտ, արատավոր երևույթներ կան բոլոր ազգերի մեջ, դրանից անմասն չի նաև հայ ազգը, բայց գտնել մի փոքրիկ խնդիր ու անընդհատ տարիներով դրա գլխին խփելով, դրա մասին խոսելով, դրա հետևանքները ներկայացնելով, դրանով մարդկանց զբաղեցնելով, մարդկանց առօրյան լցնելով և, ի վերջո, ո՛չ խնդիրը լուծելով և ո՛չ էլ լուծումներն իմանալով, մարդկանց հասցրել ենք այն վիճակի, որ դժբախտներն ավելի շատ են, չեն տեսնում որևէ լուսավոր կետ, մեռնում է հույսը, և այս բացասական միջավայրը բերում է պառակտման: Նայեք ձեր շուրջ:

Պետությունները իրենց ենթակառուցվածքներն ու դրանց գործառույթները պետք է կազմակերպեն այնպես, որ ապրի ազգը, ոչ թե ազգը վերածվի անհայտ հակումներ ունեցող իրարամերժ հասարակության: Պետությունը ընկալվում է Հայրենիք՝ այն դեպքում, երբ այնտեղ ապրող ազգը համարում է, որ դա իր ծննդավայրն է: Հայրենիքը ազգի ծննդավայրն է: Այս երկուսը իրար շաղկապված են և առանց իրար գոյություն ունենալ չեն պարող: Հայրենիքը ազգի կենագործունեության, մշակույթի պահպանման, ազգային էթնոսի անվտանգ գոյատևման և շարունականության ապահովման տարածքն է: Եթե հայրենիքի գաղափարկից թողում ես միայն տարածքի ընկալումը, ապա նվազագույնը հանցագործ ես:

Մարդը ամեն օր վազքի մեջ է, որպեսզի ստանա իր բաժինը: Վազքն ու մրցակցությունը, մի փոր հացը պարբերաբար առաջ են անցնում հոգևոր և մշակութային արժեքներից: Մշակույթն է, որ մարդուն մարդ է պահում, մարդուն դարձնում է սոցիալական արարած, որ նմանը նմանի հետ շփում ունենա, որ մարդը մարդկությունից չկտրվի: Ազգային մշակույթը բացի նրանից, որ մարդուն տալիս է այդ հատկանիշները, տալիս է նաև ինքնություն: Առանց ինքնության մարդը ոչինչ է, նա չկա, նրան չեն գտնի, լավագույն դեպքում նրան կհիշեն որպես բնակչի, հարկատուի կամ ընտրողի: Պետությունը այստեղ հայեցակարգային խնդիրներ պետք է լուծի, որտեղ մարդը՝ հայ մարդը, պետք է ձևավորվի կրթամշակութային այնպիսի արժեքային համակարգով, որ հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը լինի փոխադարձ պատասխանատու կերպով:

Պետությունը, որպես պոզիտիվ պարտավորությունների կրող, խնդիր ունի ձևավորել իր երկիրը սիրող, գրագետ, դաստիարակված և ազգային արժեքներ կրող քաղաքացիների: Եթե չկա նման մեխանիզմ կամ թույլ է, ապա դաշտը լցվում է օտար, արհեստական օրակարգերով: Դու որպես հայ մարդ քանի որ օտար մշակույթի կրողը չես, հետևաբար չես կարող գեներացնել նման մշակույթ, չես կարող նաև լինել մրցունակ և ամեն անգամ պետք է սպասես, թե ինչ քեզ կհրամցնեն օտարները: Այսպես կկորցնես քո էթնիկ անկախությունը, որից հետո քո ֆիզիական անկախությունը կդրվի հարցականի տակ: Մեր երկրում, չգիտես ինչու, օտարերկրյա գրանտներով ապրող և անհայտ նպատակներով գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին անվանում են քաղաքացիական հասարակություն: Բոլորին թվում է, թե մենք այնքան ցածր մակարդակի ազգ ենք, որ չենք հասկանում մեր համար ինչն է լավ և ինչը վատ: Պետք է անպայման դրսից մեկը գա և իր գորածակալան ցանցով սովորեցնի մեզ ապրել: Եթե հասարակական կազմակերպությունները չեն ստեղծվում ներսի պահանջով և չեն ֆինանսավորվում ներսից, ապա դրանք կապ չունեն մեր խնդիրների հետ: Միգուցե այստեղ բանավեճ կա, և այս թեզը ավելի բացելու կարիք կա, դեմ չեմ, բայց այդ մասին հաջորդ անգամ:

Մեր խնդիրը հետևյալն է. լուծել մեր ինքնաբավության հարցերը երկրի ներսի ռեսուրսներով: Պետք է ստեղծենք այն, ինչ պետք է ապրելու, զարգանալու, ավելանալու պաշտպանվելու, աշխարհի հետ հարաբերվելու համար: Երկրների տարածքները դարերի ընթացքում կարող են մեծանալ, կարող են փոքրանալ, բայց եթե անհետանան որպես սուբյեկտ, էլ չեն վերականգնվի: Սա արձանագրենք: Ուստի մեզ անհրաժեշտ են փոփոխություններ: Մենք ապրում ենք պատմական կարևոր շրջան, և այս սերունդն առաքելություն ունի, եթե սխալվենք, ապա պատմական մասշտաբի սխալված կլինենք, եթե ճիշտ գործենք, ապա պատմական մասշտաբի գործ արած կլինենք: Սխալվելը վերջակետն է: Հետևաբար, մեզ անհրաժեշտ է բոլորի կողմից ընդունելի մեկ միասնական համազգային օրակարգ, որի շուրջ կհավաքվեն ամբողջ աշխարհի հայերը: Սա խնդիր է, որը պետք է լուծի մեր ազգի էլիտան, բոլոր նրանք, ում սրտի և բանականության օրգանական կապը կտրված չի: Մտածեք. փրկենք թե՛ հայրենիքը, թե՛ ազգը:

 Արմեն Գրիգորյան

ՀՅԴ անդամ

05.01.2021 թ.

Yerkir.am