Խոցված Մի-24-ի գործով ՌԴ-ն Ադրբեջանից իրավաբանական օգնություն է խնդրել

26

Ռուսաստանի ռազմական քննիչներն իրենց ադրբեջանցի գործընկերներից օգնություն են խնդրել  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական ուղղաթիռի՝ Մի-24-ի խոցման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության հարցում: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

«Այս գործի քննության ընթացքում անհրաժեշտ է դարձել իրականացնել մի շարք քննչական գործողություններ, մասնավորապես` պարզելու մի շարք կասկածյալների ինքնությունը, ինչպես նաև այս միջադեպի որոշ հանգամանքներ: Այս կապակցությամբ Ադրբեջան դիմում է ուղարկվել միջազգային իրավաբանական օգնություն տրամադրելու հարցում»,- ասել է աղբյուրը:

Նա նշել է, որ միայն համապատասխան նյութեր ստանալուց հետո կլուծվի ռուս ռազմական օդաչուների սպանության համար մեղադրանքներ առաջադրելու հարցը:

«Քանի որ մենք խոսում ենք օտարերկրյա քաղաքացիների մասին, որոնք չեն կարող արտահանձնվել, ռուսական կողմը, ամենայն հավանականությամբ, հետաքննության նյութերը կուղարկի Բաքու՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,- պարզաբանել է աղբյուրը:

Նա ասել է, որ ներկայումս Ռուսաստանի Քննչական կոմիտեի ռազմական քննիչները հետաքննություն են վարում ՌԴ Քրեական օրենսգրքի «Երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանություն» հոդվածով հարուցված քրեական գործով, որը նախատեսում է պատիժ մինչև ցմահ ազատազրկում:

«Մոտ ապագայում հետաքննությունը կերկարաձգվի ևս երկու ամսով»,- ասել է գործակալության աղբյուրը:

Yerkir.am