Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից

369

Ասում են՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմի պրեմիերայից հետո «օյինբազ» երաժիշտների ծիծաղաշարժ ու սրամիտ կերպարները ժողովրդի կողմից այնքան սիրով են ընդունվում, որ շատերի մասին նույնիսկ երգիծապատումներ են պտտվում։ Գյումրեցիները, օրինակ, մինչ օրս պատմում են. «80-ական թվերին օրըմ Ֆրունզը կմտնի խանութ, կալբասի գին կհարցնե։ Աշխատողը գինը կըսե, որն ահագին թանգ կեղնի։ Ֆրունզը թե՝ «հա՜յ, հա՜յ, էս ինչ թանկություն է…»։ Խանութչիկը կըսե՝ «հըբը, ախպե՛ր ջան, վախտին օր Ցոլակ Դարբինյանի տեղը ըսեիր, խո ըսպես չէր էղնի»։

Մինչեւ հիմա խոսում են այն մասին, որ «Հին օրերի երգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Նիկոլն իսկապես կերել է Հայաստան մայրիկին հասցեագրված հերթական «սեւ» թուղթը։ Բանն այն է, որ երբ դերասանին մի անգամ հարցրել են՝ երբեւէ հարբած դեր խաղացել ես, պատասխանել է. «Միայն «Հին օրերի երգը» ֆիլմում, երբ «սեւ» թուղթն էի ուտում»։

Ֆրունզին ձոնված հազար ու մի պատմություններ այս օրերին ասքի պես պատմվում են Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում։ Թեեւ դերասանին պատկանող իրերի ամենամեծ հավաքածուն պահպանվում եւ ցուցադրվում է Գյումրիի՝ նրա հուշատուն-թանգարանում, սակայն մեծածավալ հավաքածու էլ գտնվում էր Մ․ Մկրտչյանի կնոջ՝ Թամար Հովհաննիսյանի մոտ։ Նա բոլորովին վերջերս թանգարանին ի պահ է տվել մոտ 800 միավոր ցուցանմուշ։ Հավաքածուն ներառում է նամակներ, անձնական իրեր, Մհեր Մկրտչյանի ստեղծած Արտիստական թատրոնին առնչվող նյութեր, լուսանկարներ, թանգարանային այլ առարկաներ: Ժամանակավոր ցուցահանդեսը կգործի մինչեւ 2021 թ․ մարտը։

Нет описания.

Ամեն իր, առարկա իր պատմությունն ունի, խոսեցնել է պետք։  Yerkir.am-ի հետ զրույցում Թամար Հովհաննիսյանն ասաց՝ ցուցանմուշներն ամբողջական պատկերացում են տալիս Ֆրունզիկի կյանքի վերջին 12 տարիների անձնական եւ ստեղծագործական ուղու մասին։ «Այդ տարիները բավականին «խիտ» անցան։ Մի քանի կարեւորագույն իրադարձություն, որոնց վկայություններն այժմ թանգարանում են՝ Արտիստական թատրոնի ստեղծումը, «Հացագործին կինը» ներկայացման ստեղծումն ու դրա պատմությունը, որի առաջնախաղը եղավ ԱՄՆ-ում»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով՝ այս իրադարձությունների մասին լուսանկարներ, փաստաթղթեր, այլ ուշագրավ իրեր կան։ 

Нет описания.

Ցուցանմուշները գրավում են այցելուին՝ ներկայացնելով մեծ դերասանի ինչպես արեւոտ կողմը, այնպես էլ վարագույրի հետեւում մնացած ցավն ու տառապանքը։ Ցուցափեղկերից մեկում ներկայացված է նաեւ Ֆրունզիկի «Ցնցում» բանաստեղծությունը։ Մեզ հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց՝ այս ստեղծագործությանն իր հուշերից մեկում անդրադարձ է կատարել նաեւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը։ «Ցնցումը» դերասանը գրում է 1988 թ. դեկտեմբերի 7-ի գիշերը՝ աղետալի երկրաշարժի ազդեցության տակ։ Ստեղծագործության մեջ գյումրեցի հայ մարդը, որը տեսել էր զարհուրելի աղետը, բավականին երկար եւ պատկերավոր նկարագրում է, թե ինչպես այդ ցնցումն ալիքներ տվեց ամբողջ աշխարհում։ Տարբեր քաղաքների եւ երկրների անուններ է հանգավորում, գրում, թե ինչպես մարդիկ կարեկցեցին, շտապեցին օգնության։ Եվ ի՞նչ է պատմում Սիլվա Կապուտիկյանը։ Ասում է՝ մի առիթով Ֆրունզը ցույց է տալիս այս բանաստեղությունը, որպեսզի ինքը կարդա եւ կարծիք հայտնի։ Կապուտիկյանը կարդում, հարցնում է․ «Է՞լ ում ես ցույց տվել»։ Ֆրունզը՝ մեկ էլ Համոյին (Հ․Սահյանին)։ Կապուտիկյանի հաջորդ հարցին՝  Համոն ի՞նչ ասաց, հետեւում է Ֆրունզի ծիծաղաշարժ պատասխանը․ «Ասավ՝ ինչխ էլ լավ աշխարհագրություն գիտես»։

«Անհաշվելի թվով մամուլ, լուսանկարներ, շատ արժեքավոր նամակներ, մոտ մեկ տասնյակ կտավ՝ բոլորն ընծայագրերով. Սա մեր համատեղ կյանքում գոյացած արխիվային հուշերն են։ Մհեր Մկրտչյանի կյանքի վերջին 12 տարվա իրերն են, որոնք չեն եղել նրա կյանքի մասը մինչեւ ինձ հետ համատեղ կյանք ապրելը։  27 տարի է՝ նա չկա։ Այդ տարիներին իմ անձնական կյանքը շատ ծանր է ընթացել։ Երբ պատերազմ էր, վախեցա։ Մտածում էի՝ եթե ես չլինեմ, փաստորեն, այս իրերը կկորչեն։ Այդ վախից կայծակնային արագությամբ որոշեցի, որ պետք է Ֆրունզի անձնական իրերը հանձնեմ այս թանգարանին։ Հեշտ որոշում չի եղել»,- անկեղծանում է դերասանի այրին։

Վազգեն Ա-ի գահավորակը

Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ մտերիմ էին, հաճախ էին այցելում։ Հովհաննիսյանը պատմում է՝ այն ժամանակ չճարվող մի դեղ կար՝ ստամոքսի խոցի համար էր, ցավերը մեղմող։ Վեհափառն այդ դեղը միշտ ունենում էր։ Կաթողիկոսարանում ամեն ինչի համար դեղ ուներ։ Գնում էին, նստում, երկար զրուցում, վերջում դեղերը վերցնում ու գալիս։ Հովհաննիսյանը հիշում է․ «Ամեն անգամ Վեհափառը հարցնում էր՝ ինչպե՞ս ես Մհեր»։ «Լավ եմ, լավ, Վեհափա՛ռ»,- պատասխանում էր դերասանը։ Վազգեն Ա-ն էլ թե՝ «ամեն անգամ կսես՝ լավ եմ, լավ, բայց նորեն կուգաս՝ դեղ ուզելու»։ Կատակում էր Վեհափառը։ Հերթական անգամ, երբ գնացինք՝ դեղ ուզելու, Վեհափառը հետաքրքրվեց, թե ի՞նչի վրա է հիմա Մհերն աշխատում։  Այդ ժամանակ Լեւոն Շանթի «Կայսրը» դրամայի վրա էինք աշխատում։  Մհերը նշեց ստեղծագործության անունը, ապա, ցույց տալով Վեհափառի գահավորակը, որին այդ պահին նա նստած էր, ասաց․ «Այս տեսակ մի բան եմ ուզում՝ բեմի վրա դնելու, էլ ոչ մի ուրիշ դեկորի կարիք չի լինի»։ «Երկու-երեք օր անց թատրոն է բերվում Վազգեն Առաջինի գահավորակը»,-պատմում է դերասանի այրին՝ շեշտելով՝ պահել է  ամենայն զգուշությամբ եւ խնամքով, ոչ մի մաս չի վնասվել, ընտիր վիճակում է։

Нет описания.

Թանգարան բերված անձնական իրերից ուշագրավ է նաեւ  Ֆրունզիկի սիրելի հեռախոսը, որ հետը բերել էր 1982 թ.՝ Կանադա եւ ԱՄՆ մեկնած երկարատեւ հյուրախաղերից․ «Վերադարձավ եւ իր հետ բերեց այնտեղից այս հեռախոսը, որն այսօր էլ շատ լավ աշխատում է։ Շատ էր սիրում, բազմաթիվ լուսանկարներ ունի, որոնցում լսափողը երեւում է»։ 

Нет описания.

Հոր դիմանկարը

«Նստած էր բազմոցին, գլուխը հետ, եթե չեմ սխալվում՝ ննջում էր։ Վահագը՝  նրա որդին, այդ պահին սկսեց նկարել։ Շատ արագ էր նկարում, մեծ շնորհք ուներ, բացառիկ նկարիչ էր։ Տեսնելով կտավն ասացի՝ «Վահա՛գ, սա պետք է ինձ նվիրես»։ Վահագն ու Մհերը մակագրեցին։ Վահագը՝ «Թամա՛ր ջան, ամեն ինչ սուտ է, կարեւորը արվեստն է»։ Մհերը՝ «իմ իրիկնամուտի արեւի շողին՝ Թամարին, (Կանգ առ արեւ)»,-հիշում է Հովհաննիսյանը։ Ի դեպ,  այս կտավը եւս ի պահ է տրվել թանգարանին։

Нет описания.

Աչքերի մեջ պահած ողբերգական կյանքի ցավն ու տառապանքը՝ Ֆրունզիկը կերտեց թատերական եւ կինո այնպիսի հումորային ու դրամատիկ կերպարներ, ինչպիսիք են՝ Հ. Պարոնյանի Պաղտասար աղբարը, Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետի» Մերկուցիոն, «Հին օրերի երգը» ֆիլմի փոստատար Նիկոլը, Գառնիկը՝ «Խոշոր շահումից» եւ ուրիշներ։ Ընդարձակ ցուցափեղկով ներկայացված է 1989 թ. Մոնրեալում խաղացած «Պաղտասար աղբարը» ներկայացումը։ Ֆրունզիկի հայրը՝ Մուշեղը, դեմ էր որդու՝ դերասան դառնալուն։ Երազում էր, որ մի օր Ֆրունզը հայտնի գեղանկարիչ դառնա։ «…Ինչպե՞ս բացատրեմ, որ իմ հայրը, ով երբեք որեւէ թանգարանում չի եղել, չի տեսել մեծ վարպետների նկարների անգամ կրկնօրինակը, երազում էր որ ես նկարիչ դառնամ։ …Գալիս էր տուն, հանձնարարություն տալիս, ես էլ արագ-արագ կատարում էի ու շտապում թատրոն, ուր սպասում էին իմ դերերը, որոնց ես համարում էի իմ հարազատները։ Նրանց մեջ ես ջանում էի այնպիսի կերպարներ ստեղծել, որոնք կկարողանային ինչ-որ ձեւով ժողովրդիս մեջ բարություն ու սեր ներշնչել»,- մի առիթով պատմել է դերասանը։

Մկրտչյան ընտանիքի տարաձայնություններն ու հուշերը մի օր էկրան բարձրացան Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ինքնակենսագրական ֆիլմում։ «Գեդինը մդնիս, Արմե՛ն տղա… Հերդ քեզի բերել է, օր էրթաս բեմի վրա կապիկություններ էնե՞ս։ Ա՛յ տղա, թո՛ղ էդ դերասանությունը, մի՛ էրա, մի՛ էրա»,-որդու հետ զրույցում նախատինքի խոսքեր էր ասում Ռուբենը, որը ֆիլմում Ֆրունզի հոր՝ Մուշեղի կերպարն էր։ Հետագայում, իհարկե, Ֆրունզին հաջողվեց իր դերասանական տաղանդով նվաճել հոր սիրտը. «Տեքստիլ կոմբինատի թատերական ներկայացումներից մեկը գաղտնի դիտել էր։ Եկա տուն, մտածեցի՝ էլի մի ապտակ կհասցնի։ Բայց, ի զարմանս ինձ, մեղմ շշնջաց. «Կթողնի՞ս էսօր մեծ դերասանի ոդների տագը պառգիմ»։

Հուշային ցուցանմուշներից խորհրդանշական է նաեւ «Զինվորն ու փիղը» ֆիլմի մեծադիր պաստառը։ Այն պահվում էր թանգարանի հավաքածուներում։ Հետաքրքրական մի պատմություն այս ֆիլմի մասին․  Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Զինվորն ու փիղը» ֆիլմում Ֆրունզիկը զինվորի դերն էր մարմնավորում, կոչ էր անում վերջ տալ պատերազմներին՝ նշելով, որ մարդկությանը պետք են փղեր, ոչ թե պատերազմներ, հավանաբար, այստեղից է, որ հաճախ իրեն համեմատում էր փղի հետ, որն, ըստ նրա, կնճիթով տիեզերքից վերցնում է երջանկությունը եւ շատրվանի նման սփռում մարդկանց վրա։

Нет описания.

Պատմում են, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ Մայա փղի կողքին կանգնելիս հումորով ասում էր. «Վերջապես կա մի քիթ, որի կողքին ես չեմ ամաչում»։ Նա իր քիթը սիրում էր այնպես, ասես այն իր փիլիսոփայական երկրորդ «ես»-ն էր. «Դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթն այդքան մեծ, այլ այն, թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»։

Լիանա Սարգսյան, Yerkir.am

Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից
Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ մանրամասներ դերասանի կյանքից