Գեւորգ Ղարիբյան. Մեր երկրի ամենակարեւոր մարդն այսօր զինվորն է, մեր հաղթանակները հանուն նրա պետք է լինեն

130

Մրցաշրջան-2020-ի հայտնությունը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 60 կգ քաշային, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանն էր: Վնասվածքների պատճառով մարզական կարիերայում շուրջ 4 տարի դադար ունեցած երիտասարդ ըմբիշը իր խոսքն ասաց Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, որտեղ նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հաղթանակի ճանապարհին Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցի եւ թուրք մրցակիցներին: Իսկ պարգեւատրման արարողության ժամանակ Հայաստանի եռագույնը ծածանեց Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների գլխավերեւում:

Աշխարհի գավաթի խաղարկությունում տարավ միայն մեկ հաղթանակ թուրք ըմբիշի նկատմամբ: Ինչպես ինքն է ասում՝ այդ մեկ հաղթանակը թուրք ըմբիշի նկատմամբ իր համար հավասար էր ամբողջ մրցաշարը հաղթելուն:

Եվրոպայի գործող չեմպիոնը NEWS.am Sport-ի համար ամփոփել է մրցաշրջան-2020-ը, խոսել Եվրոպայի առաջնության հաղթանակի, պատերազմի օրերի, ապրումների, պատերազմից հետո աշխարհի գավաթում թուրք ըմբիշին հաղթելու եւ Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակների մասին:

Մրցաշրջան-2020…

Մարզական առումով մրցաշրջան-2020-նն ինձ համար լավ դասավորվեց. Եվրոպայի առաջնությունում նվաճեցի չեմպիոնի կոչումը: Ոսկե մեդալ նվաճելու ճանապարհին հաղթեցի Ադրբեջանի եւ Թուրքիայի ըմբիշներին:

Աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես եկա մեկ քաշ բարձր՝ 63  կգ-ում: Պարտվեցի քառորդ երզափակիչում: Մինչ այդ հաղթել էի թուրք մրցակցիս: Մեդալ չնվաճեցի աշխարհի գավաթում, բայց բարձր քաշում լավ հանդես եկա, մարզիչներն էլ դրական գնահատեցին մասնակցությունս: Ընդհանուր առմամբ, իմ այս տարվա աշխատանքից՝ կորոնավիրուսի եւ պատերազմի պայմաններում, գոհ եմ: Նվաճեցի առաջին լուրջ հաղթանակս մեծահասակներում:

Մարզական կարիերայումս վնասվածքների եւ բարդ վիրահատությունների պատճառով տեւական դադարից հետո միանգամից մեծահասակներում չեմպիոնությամբ սկսելը հաջող եմ համարում: Սպորտային առումով 2020-նն ինձ համար լավ տարի էր:

Երբեք ինձ չեմ պատկերացրել պայքարից դուրս: Երկու անգամ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո երկու ծանր վիրահատություն տարա՝ ոտքի եւ ուսի: Բժիշկներն ասում էին, որ անհնար է շարունակել, պետք է դադարեցնեմ մարզումներս, բայց ես չկարողացա կանգ առնել: Որոշեցի, որ պետք է փորձել հաղթահարել այդ դժվարությունները, հակառակ դեպքում հետագայում ինքս ինձ մեղադրելու էի, որ չեմ պայքարել: Ինքս ինձ մոտիվացնելով՝ սկսեցի մարզվել ու հասկացա, որ կարող եմ լինել պայքարի մեջ:

Եվրոպայի ոսկե հաղթանակը…

Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում վստահ էի ուժերիս վրա եւ հավատում էի, որ հաղթելու եմ: Այդ առաջնությունն ինձ համար, կարծես, կյանքիս կարեւորագույն պայքարը լիներ, քանի որ հաղթեցի նախ ադրբեջանցուն, հետո՝  եզրափակիչում՝ թուրքին: Ոչ թե կռիվ էր ոսկե մեդալի, այլ ազգի: Երեւի հենց դա ինձ ուժ տվեց կռիվ տալ մինչեւ վերջ:

Ոսկե մեդալը նվաճելու պահն այդքան չի տպավորվել իմ մեջ, որքան պարգեւատրումը եւ Հայաստանի դրոշի բարձրանալը՝ ներքեւում Ադրբեջան, Թուրքիա, գլխավերեւում՝ Հայաստան: Այս պահը երբեք չեմ մոռանա:

Այդ ժամանակ դեռ չէի պատկերացնում, թե ամիսներ անց ինչի առջեւ ենք կանգնելու, որ պատերազմ է սկսվելու. պատերազմ, այսքան կորուստ, այսպիսի ծանր վիճակ եւ ծանր պարտություն: Հաղթանակս Եվրոպայի առաջնությունում, այսքանից հետո, ինձ համար ավելի է արժեքավորվել, հատկապես դրոշների պահը:

Պատերազմ…

Պատերազմը ծանր հետք թողեց բոլորիս մոտ: 44 օր տեւած պատերզմ ասես տարիներ թվար ինձ: Ես այդ ընթացքում մեծացա: Ծանր մտածմունքներ ունեցանք բոլորս: Պատերազմի օրերին նախ ցնցվեցի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի պատմությամբ, նրա վիդեոհոլովակը տեսնելով, թե ինչպես է կռիվ տալիս հանուն մեր հայրենիքի, մեր ազգի եւ զոհվում հանուն մեզ: Ապա երկրորդ խորը ցավը ապրեցի սարի վրա նստած երգող տղաների կատարումից: Այդ պահին փոխվեց ամեն ինչ:  Կարծում եմ՝ բոլորս փոխվեցինք: Սկսեցինք ավելի արժեւորել մեր երկիրը, սահմանները, բանակը, զինվորին: Մեր երկրի ամենակարեւոր մարդն այսօր զինվորն է: Եթե իրենք չլինեն, մենք չենք լինի: Մեր բոլոր հաղթանակները նրանց համար պետք է լինեն այսուհետեւ:

Սերբիայում տեղի ունեցած աշխարհի գավաթում երկու օր առաջ արդեն գիտեի, որ մեկնարկում մրցակիցս թուրք է: Ստացվում էր, որ պատերազմից հետո մենք ենք դուրս գալիս կռիվ տալու մեր երկրի պատվի համար ու դա կրկնակի պարտավորեցնող էր: Այդ ժամանակ ուժերդ կրկնապատկվում են անկախ քեզանից, հաղթելու ցանկությունդ՝ քառապատկվում: Ես դուրս եկա մրցագորգ կռիվը տալու՝ հաղթելու պատասխանատվությամբ եւ պարտականությամբ: Անբացատրելի տրամադրվածությամբ սկսեցի պայքարս թուրք մրցակցի հետ: Երեւի հենց դա խանգարեց ինձ այս մրցաշարում, որ հաջորդ գոտեմարտերում եւս հաղթեմ: Առաջին գոտեմարտին կռվեցի այնպես, ասես դա եզրափակիչն էր ու կարելի էր այլեւս պայքարը չշարունակել: Թուրքին հաղթելուց հետո այլեւս ոչնչի մասին չէի մտածում, տպավորություն էր՝ հաղթել եմ ամբողջ մրցաշարը:

Կարծում եմ՝ ամբողջ կյանքումս այդպես է լինելու մրցագորգում թուրք եւ ադրբեջանցի մրցակիցներին հանդիպելիս: Այո, սա սպորտ է ու չի կարելի քաղաքականացնել, բայց, ինձ թվում է, այսպես արդեն միշտ է լինելու: Եվրոպայի առաջնությունում ու դրանից առաջ էլ միշտ հատուկ տրամադրվածությամբ եմ դուրս եկել մրցագորգ հարեւան երկրների մրցակիցների հետ: Սերբիայի մրցագորգում ամեն ինչ այլ էր՝ այլ տրամադրություն, մտածելակերպ, հոգեբանություն: Պատերազմն իմ աչքի առաջ էր, ու ես չէի կարող դրա մասին չմտածել թուրք մրցակցի հետ գոտեմարտելիս: Կարծում եմ՝ այս հոգեբանությունը բոլոր մարզիկների մոտ է լինելու այլեւս միշտ:

Եվրոպայի առաջնության մրցագորգի Գեւորգ Ղարիբյանն ու աշխարհի գավաթի Գեւորգ Ղարիբյանը երկու տարբեր մարդիկ էին, ու ես համակրում եմ այժմյան Գեւորգին, որովետեւ ինքն այժմ սկսել է ավելի ճիշտ մտածել, ապրել:

Հույս…

Տարիներ են պետք, որ մենք վերականգնվենք, որ պատերազմի ցավը մի փոքր գոնե մեղմվի: Բոլորի աչքերում կա այդ ցավը, դատարկությունը: Դեռ երկար ժամանակ լիարժեք չենք կարողանալու ուրախանալ: Նշեցի, որ սպորտային առումով իմ լավագույն տարիներից մեկն էր 2020-ը, բայց չկարողացա լիարժեք ուրախանալ իմ այդ մեծ հաջողության համար, որովհետեւ մենք շատ հերոս տղերք կորցրինք, գերիներ ու վիրավորներ ունենք, որովհետեւ մենք պարտվեցինք:

Մեր ազգի ամենավատ տարին ապրեցինք, բայց սա դեռ վերջը չի: Պարտությունով ամեն ինչ չի ավարտվում: Ուզում եմ, որ բոլորը հավատան մեր ապագային: Յուրաքանչյուր պարտություն ուժեղացնում է, հնարավորություն տալիս ուղղել սխալները եւ նոր հաղթանակներ կերտել: Մենք դեռ կդառնանք ուժեղ երկիր, եթե յուրաքանչյուրս մեր ոլորտում կարողանանք մեկ քայլ ավելի անել:

2021 թվական…

Այս տարի գերնպատակս օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն է: Խնդիր եմ դրել իմ առջեւ շատ մարզվել, լավ աշխատել, որպեսզի վարկանիշային մրցաշարում հաջող հանդես գամ, ուղեգիր նվաճեմ եւ հնարավորություն ստանամ մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Վարկանիշ ձեռք բերելուց հետո հաջորդ գերխնդիրս կլինի օլիմպիական մեդալ նվաճելը:

Հոգեբանորեն պատրաստ եմ օլիմպիական ուղեգրի համար պայքարել, ապա օլիմպիական մեդալի: Այս հաղթանակները, որ ունեցա անցած տարում, ինձ նոր ուժ ու հավատ տվեց: Հասկացա, որ կարող եմ: Օլիմպիական ուղեգրի համար պայքարելու եմ իմ հիմնական՝ 60 կգ քաշային կարգում:   

Ես, մենք պետք է կարողանանք հաղթանակներ ունենալ, որպեսզի մեր ազգը մի փոքր ուրախանա:

Լուսինե Շահբազյան, news.am