Արցախյան պատերազմը լուսաբանած ամերիկացի լրագրողը վերադառնում է Հայաստան` ֆիլմ նկարահանելու

134

Պատերազմի ընթացքում լրագրողը բավականին օբյեկտիվ ռեպորտաժներ էր պատրաստում առաջնագծից՝ ներկայացնելով պատերազմի մասին իրականությունը։

Ամերիկյան CBN հեռուստաալիքի լրագրող Չաք Հոլթոնը, որը լուսաբանել էր արցախյան երկրորդ պատերազմը, վերադառնում է Հայաստան` ֆիլմ նկարահանելու։ Տեղեկությունը Չաքն անձամբ է հայտնել յութուբյան իր ալիքում։

«Մենք Դալլասի օդանավակայանում ենք, հետ ենք գնում Հայաստան՝ նկարահանելու վավերագրական ֆիլմ հայ ժողովրդի, հայկական մշակույթի և այն ողբերգության մասին, որ ապրում են նրանք»,- ասում է Չաքը։

Նշենք, որ Չաքը բավականին օբյեկտիվ ռեպորտաժներ էր ներկայացնում առաջնագծում՝ ոչ միայն պատմելով ադրբեջանական վայրագությունների, քաղաքացիական օբյեկտներին հասցված թիրախավորված հարվածների մասին, որոնց ինքն էր ականատես լինում, այլև պարբերաբար մերկացնում էր ադրբեջանական կեղծ ու զավեշտալի քարոզչությունը։

Օրինակ` խոսում էր այն մասին, որ Ադրբեջանում «պրոպագանդան շատ վատ մակարդակի վրա է», նրանք ներկայացնում են իբրև հայկական կողմից արձակված, քաղաքացիական օբյեկտները թիրախավորած հրթիռներ, որոնք անհասկանալի կերպով խոցում են սեղանը, սակայն չեն վնասում սեղանի վերևում գտնվող առաստաղը։