Կթանկանան ուսման վարձն ու առողջապահական ծառայությունները. մանրամասներ Փաշինյանի որոշումից. 168.am

60

168.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ավարտին՝ դեկտեմբերի 30-ին, ստորագրել է N 1455-L որոշումը՝ Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին:

Փաշինյանի այդ որոշումից ակնհայտ է դառնում, որ պետական բյուջեի ճեղքն ինչ-որ ձեւով լցնելու համար իշխանությունը կրկին քաղաքացու գրպանն է մտնելու։

Եվ այսպես, նշյալ որոշման հավելվածում տրված ընդհանուր նկարագրության մեջ ասվում է՝ հարկային քաղաքականության ճեղքը հարկային օրենսդրության հետեւանքով չհավաքագրվող կամ պակաս հավաքագրվող հարկային եկամուտների ամբողջությունն է: Ուստի իշխանությունը որոշել է որոշակի փոփոխությունների գնալով՝ կրճատել այդ ճեղքը:

Որոշման հավելվածում նախ նշված է, թե կրճատելու են հարկային արտոնությունների կիրառման շրջանակը՝ կրճատելով հատկապես այն արտոնությունները, որոնց արդյունավետությունը, ըստ նախագծի հեղինակների, չի հիմնավորվում «ծախսեր-օգուտներ» վերլուծությամբ:

Հարկային քաղաքականության ճեղքի 1-ին պատճառը, ըստ որոշման հավելվածի, ՀՀ-ում ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատված գործարքների «չափազանց լայն շրջանակն է»: Ըստ այդմ, նախատեսվում է կրճատել ԱԱՀ-ից ազատման արտոնություններ շրջանակը: Սա ենթադրում է, որ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում սահմանված՝ ԱԱՀ-ից ազատված գործարքներն ու ծառայությունները կպակասեն:

Որոշման հավելվածում մասնավորապես նշված են առողջապահական ու կրթական ծառայությունների ԱԱՀ-ով հարկելու անհրաժեշտությունը: Հետեւաբար՝ առաջիկայում կտրուկ կթանկանան ուսման վարձն ու առողջապահական ծառայությունները: Որպես հիմնավորում՝ նշված է, թե այդ ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը հնարավորություն կտա ընդլայնել պետական պատվերով կամ, այլ կերպ ասած՝ անվճար բուժօգնություն ստացողների եւ սովորողների թիվը:

Այս որոշմամբ նաեւ առաջարկվում է շրջանառության հարկի համակարգում հարկման ընդհանուր համակարգի համեմատությամբ սահմանել ավելի բարձր բեռ:

Հարկային քաղաքականության ճեղքի 2-րդ պատճառը ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի բացակայությունն է: Այս համակարգի ներդրման համար, որպես հիմնավորում, ներկայացված են հակակոռուպցիոն ռիսկերի կառավարման եւ եկամտային հարկի համակարգին որոշակի պրոգրեսիվություն հաղորդելու հարցերը:

Որպես հարկային քաղաքականության ճեղքի ձեւավորման պատճառ՝ ներկայացված է  նաեւ գործարքների լիարժեք փաստաթղթավորման բացակայությունը: Այս բացը որոշման հավելվածում պատճառաբանված է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմի առկայությամբ:

Հետաքրքրական է, որ որպես օրինակ՝ բերված է գյուղատնտեսության ոլորտը, ու նշված է, թե գյուղատնտեսական արտադրանք արտադրողների հիմնական մասը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Եվ այս բացը լրացնելու համար առաջարկվում է «գյուղատնտեսական արտադրանքի մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու նոր հնարավորության ստեղծում»:

Նշված միջոցառումները իրականացնելու համար Հարկային օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու, Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծ մշակելու, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենքի նախագիծ մշակելու եւ դրանց կառավարությանը ներկայացնելու համար պատասխանատուներին՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ժամանակ է տրված մինչեւ 2021 թվականի մայիսի երրորդ տասնօրյակը»։