Վարչապետի բանավոր պայմանավորվածությունները և Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ իրականացվող սողացող օկուպացիան

175

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը իր ՖԲ էջում գրում է, –

Պատերազմը, թեպետ, ավարտվել է, բայց մենք շարունակում ենք պարտվել:
Շուռնուխի գյուղապետը շվարած փաստում է, որ ադրբեջանցիները եկան, վերջ՝ ամեն ինչ պրծավ:  Տեսանյութում  գյուղ մտնող ճանապարհին երևում են ադրբեջանական ամենագնացները: Ադրբեջանցիների դեմ կանգնած են միայն գյուղապետը և համայնքի բնակիչները:
1992 թ. երբ Ղափանը ռմբակոծվեց և քաղաքացիական բնակչության շրջանում ունեցանք զոհեր ես, որպես, Վարչապետ, անհապաղ մեկնեցի Ղափան, որպեսզի ղափանցիները այդ դժվարին պահին իրենց լքված չզգային, որ համոզված լինեին իրենք մենակ չեն և իրենց  խնդիրները  Կառավարության  ուշադրության կենտրոնում են: Հանդիպեցի քաղաքացիների և տեղական իշխանության ղեկավարների հետ:  Գնդապետ Խաչատուրովը ներկայացրեց  օպերատիվ իրավիճակը  և նախատեսվող ռազմական գործողությունների  հիմնական ուղղությունները: Հետագայում Ղափանի քաղաքապետն ու շրջանի ղեկավարը ինձ հայտնեցին, որ այդ այցը շատ դրական ազդեցությւոն ունեցավ քաղաքում խուճապը կանխելու  և քաղաքի բնակչության մոտ  վստահություն սերմանելու հարցում:
 Ոստի ինձ մոտ շատ տրամաբանական հարց է առաջանում. ու՞ր է Վարչապետը, ինչու՞ նա շուռնուխցիների կողքին չէ: Ու՞ր է ԱԱԾ տնօրենը կամ նրա տեղակալը, ինչու՞ նա շուռնուխցիների կողքին չէ: Ու՞ր է տարածքային կառավարման նախարարը: Ինչու՞ նա շուռնուխցիների կողքին չէ:  Ու՞ր է մարզպետը, ինչու՞ նա շուռնուխցիների հետ չէ, այլ իր աշխատասենյակից հորդորներ է հնչեցնում: 
Եվ վերջապես մի՞թե սա չէ ապացույցն ընդիմության այն պնդման, որ Երկրում  անիշխանություն է տիրում, որ այսօրվա  իշխանությունն ունակ չէ իրավիճակին համարժեք տարրական  քայլեր ձեռնարկել:   Ինչո՞վ է զբաղված Երկրի իշխանությունը:: Ո՞րն է նրա գործի անունը, եթե ոչ սեփական հպարտ քաղաքացիների անվտանգության ապահովումը:
 Առնվազն պետք է մտոք կույր լինել ենթադրելու համար, որ այս ձմռան կեսին մարդկանց անտեղ ու  անտուն թողնելու դիմաց   մի քանի կոպեկ փոխհատուցում խոստանալով (այն էլ  պարզ չէ կվճարեն թե ոչ) իշխանությոնը իր  առաքելությունը կարող է  համարել  ավարտված: Ու՞ր մնաց անվտանգային նոր հուսալի համակարգերի ձևավորման մասին ճոռոմաբանությունը:
 Այս ամենից հետո մի՞թե կգտնվի գեթ մեկ մտածող մարդ, որը կասկածի տակ կվերցնի իշխանությունների անթաքույց մտադրությունը Սյունիքը թշնամու կողմից նվաճելու համար առավել նպաստավոր ռազմավարական հնարավորություններ  ստեղծելու  վերաբերյալ: Մի՞թե պարզ չէ, որ Վարչապետի բանավոր պայմանավորվածությունները    նպաստում են ադրբեջանցիների կողմից Հայաստանի հանդեպ սողացող օկուպացիայի իրականացմանը: Չեմ հասկանում էլ ի՞նչ է պետք, որպեսզի  մեր  քաղաքացին սթափվի: