Պետք է վառոդը չոր պահենք, դուրս գանք պարտվողի կեցվածքից, պատերազմի վտանգը միշտ էլ առկա է. Սեյրան Օհանյան

115

Ճակատագրի բերումով մենք պարտավոր ենք մշտապես վառոդը չոր պահել և ինքնապաշտպանության մեր ունակությունները մշտապես կատարելագործել։ Հաշվի անելով, թե ինչ հարևաններ ունենք՝ պատերազմի վտանգը միշտ էլ առկա է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

 Ըստ նրա՝ պետք է դուրս գանք պարտվողական հոգեվիճակից և հասկանանք, որ գրագետ, կազմակերպված քայլերի դեպքում մենք կարող ենք այժմ էլ պաշտպանել թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի անվտանգությունը:

«Տարիներ ի վեր բանակը նախապատրաստել ենք, զարգացրել ենք, եթե ինչ-որ տեղ սպառազինության տեսակը պակաս է եղել, այնուամենայնիվ, մեր զորքն իր հրամանատարների և զինվորների մարտունակությամբ կարողացել է պայքարել, կռվել, խնդիրը այստեղ ռազմաքաղաքական իրադրության ոչ ճիշտ վերլուծությունն է, զորքերի ոչ ճիշտ խմբավորումները, ձևավորումներն այն դեպքում, երբ որ ճեղքվածք է առաջացել:

Հակառակորդները մեր պատմության ընթացքում միշտ էլ շատ են եղել, բայց մարտնչել և պայքարել ենք, ես ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ այս պատերազմում մենք կարող էինք հաղթել, եթե ոչ հաղթել, ապա մնալ մեր դիրքերում, եթե նույնիսկ 1-2 ուղղությամբ հակառակորդը մխրճվել է, մենք պարտավոր էինք և կարող էինք իրենց կանգնեցնել գոնե լեռնաանտառային պայմաններում՝ Հադրութի, Ջաբրայիլի շրջանում»,-ասել է նա:

Գեներալ-գնդապետը նաև վստահեցրել է, որ դավաճանական հենք մարտավարական և օպերատիվ մարտավարական օղակում չի նկատել, ինչ վերաբերում է իշխանությունների հնարավոր դավաճանությանը, ապա առաջին հերթին պետք է ժողովուրդը գնահատական տա:

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: