Չնայած թռիչքների թվի նվազմանը՝ մեկ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտում մահացության մակարդակն աճել է

53

2020 թվականին ավիաաղետներում մահացած մարդկանց թիվը գերազանցել է նախորդ տարիների այդ ցուցանիշները, գրում է Reuters-ը՝ հղում անելով To70 ավիացիոն խորհրդատվական ընկերության վիճակագրությանը:

Այդ տվյալների համաձայն՝ 2020 թվականին տեղի է ունեցել խոշոր ուղեւորատար կոմերցիոն օդանավերի 40 կործանում, որոնցից հինգի դեպքում մարդիկ են մահացել: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 299: 2019 թվականին տեղի է ունեցել 86 այդպիսի վթար, որոնցից ութի դեպքում եղել են զոհեր, իսկ ընդհանուր առմամբ  մահացել է 257 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

2020 թվականին ավիավթարների հետեւանքով զոհվածների ավելի քան կեսն ուկրաինական ինքնաթիռի ուղեւորներն էին, որը խոցվել էր Իրանի օդային տարածքում: Այդ ժամանակ զոհվել էր 176 մարդ: Իսկ մայիսին պակիստանյան օդանավի կործանման հետեւանքով մահացել էր 98 մարդ:

Flightradar24-ի տվյալներով՝ 2020 թվականին համավարակի պայմաններում փակ սահմանների պատճառով թռիչքների թիվը կրճատվել է 42 տոկոսով:

ASN գործակալությունը հաղորդում է, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում ավիացիայի ոլորտում մահացության թիվը կտրուկ կրճատվել է: Վերջին հինգ տարվա ընթացքում տեղի է ունեցել 14 աղետ, որոնց հետեւանքով մարդիկ են մահացել: Ավիացիայի համար ամենաանվտանգ տարին համարվում է 2017 թվականը, երբ ամբողջ տարվա ընթացքում տեղի էր ունեցել երկու ավիաաղետ, որոնք խլել էին 13 մարդու կյանք:

News.am