Որևէ մեկը չի կարող բացառել, որ Բաքվի բռնապետը ապագայում չի գնա սադրանքների ռուս խաղաղապահների դեմ. Վարդան Ոսկանյան

54

Նոյեմբերի 9-ին և դրան հաջորդած թոհուբոհում գրեթե մոռացվեց մի կարևոր իրադարձություն՝ Հայաստանի օդում ռուսական ուղղաթիռի խոցումը Նախիջևանի տարածքից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանը։

«Կարծում եմ՝ միամտություն կլինի ենթադրել, թե դա արվեց անզգուշության կամ սխալի հետևանքով և առանց թուրքական ներգրավվածության, միայն ադրբեջանական բաշիբոզուկների ջանքերով։

Սադրանքի նպատակն, ըստ իս, մեկն էր՝ խաթարել ռուս խաղաղապահների տեղակայումը, որը չհաջողվեց թուրք-ադրբեջանական կողմին ռուսական, ամենայն հավանականությամբ, չհանրայնացված կոշտ զգուշացումից, իսկ միգուցե նաև սպառնալիքից հետո։

Հայաստանի ներկա իշխանության վարած տգետ և ապաշնորհ քաղաքականությամբ մեր պետության սուբյեկտայնության գրեթե զրոյացման հետևանքով այսօր մեզանում կարծիք կա, թե մեր երկիրը բաժանվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչն, ըստ իս, իրականությանը չի համապատասխանում, քանի որ Հայաստանը և Արցախի մեզ մնացած հատվածն ամբողջությամբ բաժին են հասել Ռուսաստանին։

Մինչդեռ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բաժանման հիմնախնդիրը, որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, վերաբերում է հենց Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորմանը։ Իսկ այդ բաժանումը ոչ միայն չի ավարտվել, այլ դեռ նոր է միայն սկսվել՝ այն էլ կողմերի՝ Ադրբեջանին ամբողջապես տիրանալու հեռագնա մտայնությամբ։

Հաշվի առնելով սա, որևէ մեկը չի կարող բացառել, որ Բաքվի բռնապետը, բուժելով իր վերքերը և ստանալով երաշխիքներ ու աջակցություն Թուրքիայից, ապագայում չի գնա սադրանքների ռուս խաղաղապահների դեմ։ Իսկ այդ պարագայում կարող է բացվել նաև մեր ռևանշի, որը ես այսուհետ անվանելու եմ հայկական վերանվաճում, իրական հնարավորություն, և որին պետք է պատրաստվել հենց այս պահից՝ չխնայելով որևէ ջանք ու եռանդ»,– գրել է նա։