Մեզ համար ստեղծվելու է հնարավորություն՝ շտկելու 2020-ի կորուստները

314

Տարածաշրջանային փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Շարունակում եմ պնդել, որ մենք մոտ ապագայում, հնարավոր է՝  2021-ի առաջին կեսին, հայտնվելու ենք տարածաշրջանային նոր պատերազմի թատերաբեմում։

Շարունակում եմ պնդել, որ Իրանի դեմ լինելու է ռազմական ագրեսիա, և դա կիրականացվի Ադրբեջանի և Թուրքիայի ձեռամբ՝  Արցախի գրավյալ տարածքից՝ Ջրականից (Ջաբրայիլ):

Pooya Hosseini-ն մեջբերում է Իրանի Հեղափոխության Պահապանների Կորպուսի օդուժի հրամանատար, գեներալ Հաջիզադեի խոսքերը. «Մենք տարածաշրջանի որոշ երկրներին եղբայրաբար խորհուրդ ենք տալիս, որ եթե պատերազմ սկսվի, մեզ համար ԱՄՆ-ի բազան ոչնչով չի տարբերվի այդ բազաներին տարածք տրամադրող երկրից»:

Կարևոր է իմանալ, որ ամերիկյան ռազմաբազաներ կան Թուրքիայի տարածքում, իսկ Ադրբեջանը իր տարածքը տրամադրել է Իսրայելին’ ռազմաավիացիոն թռիչքների համար։

Շարունակում եմ պնդել, որ Հայաստանը (նաև Արցախը) օր առաջ պետք է մոբիլիզացվեն և պատրաստվեն նոր, ավելի մեծ պատերազմի, որի ժամանակ մեր երկիր կներթափանցեն ահաբեկիչները, ադրբեջանական զորքը կփորձի իր համար բուֆերային գոտու անվան տակ գրավել Սյունիքի մարզը։

Մեզ համար վտանգի հետ ստեղծվելու է հնարավորություն՝  շտկելու 2020-ի կորուստները։ Բայց դրա համար միավորվել և զինվել է պետք։

Հարգելի քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ, զգաստացեք»։