Tert.am. Համավարակի և պատերազմի ընթացքում քաղաքապետի դերը պետք է մեծ լիներ, սակայն նա նախընտրեց՝ ավելի լավ է ավտոմատը ձեռքին նկար ունենալ, քան թե ի պաշտոնե օգուտ տալ. Դավիթ Խաժակյան

158

Հայկ Մարությանին պաշտոնի բերած և ժողովրդի գլխին պատուհաս դարձրած անձը ևս պետք է հեռանա, որից հետո քաղաքի համար բարդ փուլ է սպասվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ խոսելով 2020 թվականին քաղաքապետարանի գործունեության, համավարակի և ռազմական դրության պայմաններում կառույցի դերի և պարտավորությունների կատարման մասին:

«Քաղաքապետ Հայկ Մարությանի՝ պատերազմի ընթացքում տուժած երևանցի զինվորականներին աջակցություն ցուցաբերելու խոստումներից օրինակ՝ թեքահարթակներ, հարմարավետ վերելակներ կառուցելուն Խաժակյանը պատասխանեց այն դիտարկմամբ, որ 2018 թվականի համեմատ, 2019 թվականին բյուջեով նվազեցրից նախատեսված թեքահարթակների կառուցման ֆոնդը: «Իհարկե, տված խոստումները շատ գեղեցիկ են հնչում, սակայն ակնհայտ է, որ իր տված խոստումները չեն համապատասխանում իր քայլերին: Այդ խոստումները կամ թղթի վրա են մնում կամ մնում են հայտարարությունների տեսքով:

Ես որևէ հույս այս քաղաքային իշխանությունների հետ չեմ կապում: Վերջերս մի կարծիք լսեցի իմ մասին, թե այլ լուծումներ չեմ առաջարկում, միայն քննադատում եմ: Ես, թերևս, դրա հետ համամիտ եմ, և դրա բացատրությունն այն է, որ ժամանակին շատ եմ խոսել տարբեր լուծումների մասին, որոնք չեն իրականացվել և հիմա ես տեսնում եմ, որ այս քաղաքային իշխանության և՛ մտավոր պոտենցիալը և՛ քաղաքական պոտենցիալն այլևս սպառված է և միակ լավությունը, որ նրանք կարող են անել այս քաղաքի համար դա հեռանալն է: Այլ սպասում 2021 թվականին Երևանի համար, ես, ցավոք, չունեմ»,- նշել է Խաժակյանը:

Ավագանու անդամը շեշտել է, որ ամբողջ համակարգը պետք է փոխվի և իր խոսքով՝ Հայկ Մարությանին պաշտոնի բերած և ժողովրդի գլխին պատուհաս դարձրած անձը ևս պետք է հեռանա, որից հետո քաղաքի համար բարդ փուլ է սպասվում, օրինակ՝ վերականգնել քաղաքային տրանսպորտը, վերականգնել շատ ենթակառուցվածքներ, որոնք այս իշխանությունների օրոք ավերվեցին:

«Ինչքան շուտ սկսվի այս գործընթացը, այդքան հեշտ կլինի կորուստները նվազեցնել, եթե ոչ, ապա թող՝ որևէ քաղաքացի չմտահոգվի, որ կարող է կոլապսների շարք սկսվի: Այսօր մենք տրանսպորտային համակարգ չունենք: Այս քաղաքային իշխանությունը նախընտրեց ձեռք բերել 100 «ԳԱԶել»-ներ, սակայն 2020 թվականին գծերից դուրս բերվեցին շուրջ 450-ը, փակվեցին ևս որոշ գծեր՝ եկամտաբերության խնդիրներով պայմանավորված»,-ասել է նա:

Խաժակյանը նշել է, որ ստեղծված կոլապսային պայմաններում ով էլ, որ ստանձնի քաղաքային իշխանությունը, ամիսներ են պահանջվելու, մինչև հնարավոր լինի եղած խնդիրները շտկել: