Մեղավոր են հները, կովիդը, հիմա էլ պատերազմը. կունենանք երկնիշին մոտ տնտեսական անկում, կավելանա աշխատող աղքատների թիվը. Թադևոս Ավետիսյան

66

Պաշտոնական վիճակագրությամբ արդեն փաստված է, որ մենք 2020 թ-ի 11 ամիսներին ունեցել ենք տնտեսական 7,2 տոկոս անկման ցուցանիշ, բայց պետք է փաստեք նաև, որ 2020 -ի նոյեմբերը՝ 2019 –ի նոյեմբերի համեմատ 10,3 տոկոս անկում է գրանցել։ Այսինքն՝ միջին տեմպից բարձր անկմամբ շարունակվում է տարին և այս անկումն ակնհայտ է նաև, որ շարունակվում է դեկտեմբերին։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ ընդգծելով, որ տարին մենք կավարտենք աննխադեպ՝ երկնիշին մոտ տնտեսական անկմամբ։ «Ցավալիորեն պետք է փաստենք, որ բարձր անկման տեմպեր ունի շինարարությունը, նվազել է ծառայությունների ոլորտը՝ գրեթե 14 տոկոս և մանրածախ առևտրի ոլորտը, որոնք աշխատատար ոլորտներ են։ Այսինքն, մենք ունենալու ենք նաև սոցիալական հետևանքներ և իրական աշխատատեղերը սրա հետևանքով կրճատվելու են, կրճատվելու են նաև իրական եկամուտները»։ 

Նա նշեց, որ թեև 3 տոկոսի միջին աշխատավարձի բարձրացում է եղել, բայց ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն էլ ավելի մեծ չափերով բարձրացել են։ «Այլ կերպ ասած մարդկանց իրական եկամուտները նվազել են կամ չնչին աճ են ունեցել, քանի որ գները ավելի առաջանցիկ են աճել։ Հետևապես, մարդկանց իրական եկամուտները նվազել են։ Սա բերելու է աղքատության մակարդակի բարձրացման և, հատկապես, աշխատողների աղքատության խորացման։ Այսօր ամեն չորրորդ աշխատողն աղքատ է, մենք այս ցուցանիշի վատացում ենք ունենալու 2020 թ-ի տվյալներով»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ 2020 թ-ին կավելանան բյուջեի կապիտալ ծախսերը։ «Այս իշխանությունների համար միտում է դարձել հնչեցնել մի թիվ, դրանից հետո՝ թերակատարել այն։ Արդեն 15 տոկոսով կրճատվել են բյուջեի հարկային մուտքերը և այդ միտումը շարունակվում է։ Միաժամանակ, աննախադեպ աճել են սոցիալական ծախսերը։ Մինչդեռ, կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային միջոցառումներն, ըստ էության, նկատելի արդյուքներ այդպես էլ չտվեցին ու օրական 100-ավոր մարդիկ շարունակվում են վարակվել, 10-յակներով մահացածներ ենք ունենում։ Միաժամանակ, դա շարունակում է ազդեցություն ունենալ տնտեսության վրա, զբոսաշրջության հանրային սննդի և հանգստի ապահովման ոլորտների վրա»։

Ավետիսյանը նաև փաստեց, որ բացի օտարերկրյա ուղղակի ներդրումներից, որոնք կրճատվել են, նաև ներքին ռեսուրսներով ներդրումների նվազում ունենք։ «Այստեղ բացասական ֆոնն ակնհայտ է»։

Միաժամանակ պատերազմը և խայտառակ պարտությունը մեծ ավեր բերեց տնտեսությանը, որպես արդյունք՝ մենք ունենք կորցված հողեր, որոնք մենք հանձնեցինք թշնամուն։ «Իշխանություններն այդ հողերը հանձնելով թշնամուն նաև թողեցին էական տնտեսական պոտենցիալ, մասնավորապես, միայն ցորենի ՀՀ պահանջարկի ¼-րդ մասը այդ հողերի վրա էր աճեցվում։ Մյուս խնդիրն այն է, որ խոշոր հարկատուներ, ինչպիսին է Սոթքի հանքավայրը, այսօր շահագործման ռիսկեր ունի։ Միաժամանակ, ապիկար իշխանությունների գործողությունների արդյունքում՝ Արցախում 30 ՀԵԿ-եր անցել են թշնամուն, թշնամու վերահսկողության տակ են անցել նաև մի շարք այլ ձեռնարկություններ և մեծ թվով մարդիկ անտուն են մնացել, կորցրել են իրենց կայուն եկամուտը գույքը, արդյունքում, միջին խավից մեկ օրում դարձել են աղքատ։ Ինչը պետությանը պարտադրելու է կատարել ծախսեր այդ մարդկանց նվազագույն կենսապահովման նպաստերի վճարման համար։ Սա էապես՝ 30 տոկոսով կավելացնի, այս ուղղությամբ պետական ծախսերը։ Միաժամանակ, ունենք 5-6 հազար նահատակների ընտանիքների հատուցման հարց, 10-յակ հազարավոր հաշմանդամություն ստացած զինծառայողների խնդիրը, որը նույնպես էական պետական աջակցություն է պահանջում»։

Բոլոր այս խնդիրներին պետք է գումարենք նաև ֆինանսական այն անկայունությունը, որ այսօր կա ու գնալով խորանում է՝ կապված ազգային արժույթի էական արժեզրկմամբ։ «Այսօր որոշակիորեն պահպանվում է փոխարժեքը, բայց տոներից հետո, կարծում եմ, դոլարը կարժեվորվի։ Քանի որ հիմա տրասֆերներն են ավելացել՝ այս օրերին որոշակի դրամն արժեվորվում է, քանի որ դրսից ստացված փողերով մարդիկ ծախսեր են իրականացնում։ Միաժամանակ, ԿԲ-ն վերջերս բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, շարունակվում են ինտերվեցիաները ԿԲ-ի կողմից, սակայն սա ժամանակավոր լուծում է լինելու ու հունվարից մենք նորից ականատես կլինենք դրամի արժեզրկման՝ դրա բոլոր հետևանքներով»։

Նա նաև ընդգծեց, որ միաժամանակ, մեծ ռիկս կա վարկային սպասարկման առումով, այն մարդկանց կողմից, ովքեր տուժել են կորոնավիրուսից կամ պատերազմի հետաևանքով։ «Այստեղ նույնպես պետությունը ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել ու բանկերի ռիսկն այս առումով էապես մեծացել է»։

Առանձնահատուկ ուշադրության արժանի մեկ այլ ցուցանիշ ևս, որն էական անկում է գրանցել այս տարի։ Անցնող տարվա 11 ամիսների ընթացքում արտահանումը կրճատվել է 5 տոկոսով, այս միտումը շարունակվում է և տարեկան կտրվածքով առնվազն 6-7 տոկոս արտահանման անկում կունենանք։ «Սա ևս լուրջ խնդիր է, հատկապես, եթե հաշվի անենք, որ այս պոպուլիստ իշխանությունները առաջին օրվանից հռչակել էին տնտեսական հեղափոխություն, որը հիմնված կլինի արտահանման հենքով տնտեսական մոդելի վրա։ Այստեղ ևս ակնհայտ ձախողում ունենք: Ինչ արտահանման մոդելի մասին է խոսքը, երբ 27 տոկոս արտահանման աճ կար 2018 թ-ի առաջին 4 ամիսներին, երբ այսօրվա քաղաքական ուժը իշխանությունները վերցրեց։ Հետագայում այդ տեմպը նվազեց, իսկ արդեն այս տարի մենք ունենք արտահանման անկում։ Սա շատ վտանգավոր է մեր նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, որովհետև իրապես մեր երկրի զարգացման հիմնական ողնաշարը պետք է լիներ արտահանումը»։

Անդրադառնալով գալիք տարվա կանխատեսումներին՝ նա նշեց, որ եթե դատելու լինենք ապագայի համար, պետք է դատենք առնվազն հաջորդ տարվա բյուջեով, որը պատերազմի օրերին ոտքի վրա քննարկվեց և ընդունվեց։ Մինչդեռ, այն բոլորովին կապ չունի 2021 թ-ի իրողությունների հետ։ «Դրանք ընդամենը նախորդ տարիներից մնացած իներցիոն բյուջե է և թվարկված խնդիրները արտացոլված չեն դրանում և ծրագրային լուծումներ պարզապես չկան։ Պետք է արձանագրենք նաև, որ իրապես շարունակվում է պոպուլիստական քաղաքականությունը և իրավիճակից կտրված մոտեցումները, լսում ենք հայտարարություններ, թե գալու են միլիարդավոր դոլարների ներդրումներ, որոնք ակնհայտ սուտ են, ավելին՝ ոչ միայն սուտ են այլև առաջացնում են կեղծ սպասումներ, դրանց իրական նպատակը քաղաքական է՝ ձգել իշխանությունը, որքան հնարավոր է երկար անիրական սպասումներ առաջացնելու համար, քանի որ այս իրավիճակում խոսել միլիարդավոր դոլարների ներդրումների մասին՝ անգամ երազանքի դաշտից չէ։ Ցավոք, այս գնահատումները լսում և արձանագրում են մեր երկրով հետաքրքրված օտարկերկրյա ներդրողները և ակնհայտ է, որ նրանց մոտ փաստացի առաջանում են ավելի բացասական սպասումներ, քանի որ տեսնում են, որ իրավիճակին ոչ համարժեք գնահատում է իրականացվում»։

Անդրադառնալով սահմանների բացման դեպքում տնտեսական օգուտներին՝ նա նշեց, որ այս պարագայում մեր գյուղատնտեսությունն էապես կտուժի, քանի որ այդ ապրանքների գնագոյացման մեջ էական դեր ունի էլեկտրաէներգիայի ծախսը, որն Ադրբեջանում մի քանի անգամ ավելի ցածր է, քան Հայաստանում։ Միաժամանակ, Ադրբեջանը չի կարող երկարաժամկետ կտրվածքով լինել գործընկեր, դա պատմությամբ է ապացուցված։ «Անհասկանալի է, թե այդ պարագայում ինչու է հունվարի 1-ից կառավարությունն արգելում թուրքական ապրանքների ներհոսքը, այսինքն, մի կողմից՝ հույսը դնում են թուրք-ադրբեջանական համագործակցությամբ զարգացման վրա, որը դավաճանական վարքագծի շարունակությունն է, մյուս կողմից էլ դեմ են թուրքական ապրանքների ներմուծմանը, սա անհասկանալի վարքագիծ է։ Այս իրողությունների համատեքստում կառչած մնալը սեփական աթոռից և ողջ ներուժը ծախսվում է մեղավորներ գտնելու և պատժելու ուղղությամբ է միայն՝ անհասկանալի վարքագիծ է։ Հիմնականում մեղավոր են հները, մեղավոր է կովիդը, հիմա կասեն՝ մեղավոր է պատերազմը և երբեք չեն գիտակցի հիմնական մարտահրավերներն ու պատճառները, քանի որ իրական պատճառները իրենք են՝ իրենց ապաշնորհությամբ, իրենց վարքագծով, անթույլատրելի պոպուլիզմով և կեղծ ու սուտ օրակարգեր բերելով։ Հետևաբար, լուծումը և առաջին նախապայմանը այս իշխանությունների ամբողջական հեռացումն է պետական կառավարումից»։