Ձեր սրտի ԱԺ-ն, մասնավորապես ԻՔ դաշինքը, ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ է դրել․ ՀՅԴ ֆինանսական հանձնախմբի նախագահ

186

Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր սրտի Ազգային Ժողովը, մասնավորապես ԻՔ դաշինքը 2021 թվականի հունվարի 1-ից ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ է դրել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսական հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։ 

«Բարձրանում է գույքահարկը, չկա այլևս անշարժ գույքի չհարկվող շեմ և բոլորն այսուհետ այս հարկատեսակի իմաստով հարկատու են,

Բարձրանում են ալկոհոլային խմիչքների հարկերը, մասնավորապես օղու մեկ լիտրի անուղղակի հարկերը (ակցիզային հարկ + ԱԱՀ) բարձրանում են 564 դրամ կամ 30.13 տոկոս: Ակցիզային հարկը 1560 դրամից դառնում 2030 դրամ, իսկ ակցիզը ԱԱՀ-ի հարկման բազա է,

Բարձրանում է մրգային օղիների ակցիզային հարկը մեկ լիտրի համար 800 դրամից դառնալով 824 դրամ,

Բարձրանում է կոնյակների ակցիզային հարկը, գործող հարկը պարզապես բազմապատկել են 1.03-ով, այսինքն 3 տոկոսով, օրինակ մեկ լիտր 3 տարեկան 40 տոկոս թնդության կոնյակի համար 1200 դրամից դառնալով 1236 դրամ,

Բարձրանում են սեղմված գազ, նավթամթերք, գարեջուր, ծխախոտ, գինի, վիսկի, վերմուտ, քսայուղ և այլ նմանատիպ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը,

Բարձրանում են դրոշմանիշային վճար կամ ինչպես ընդունված է ասել բանակի 1000 դրամները,

Բարձրանում է պարտադիր կուտակայինի թալան համակարգի 2.5 տոկոսը՝ դառնալով 3.5 տոկոս,

Բարձրանում են 1-4 տոկոսով ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների (հավի մսի, խոզի ճարպերի, յուղերի, կարագի և այլնի) մաքսատուրքերը:

Լա՞վ են մտել ձեր աշխատավարձի մեջ և քուջուջ անում: Ես ձեզ շնորհավորում եմ», գրել է Արմեն Գրիգորյանը եւ հետգրություն թողել․

«Հ.Գ. Թոշակառու ուտող-խմող մարդը ամիսը գոնե մի 4 շիշ օղի էր գնում: Թոշակը բարձրացրել են 3000 դրամով և ձեռքից մի 5000 դրամ նորից խլում են օրենքով սպառման գները բարձրացնելով, իսկ մեր ուտող-խմող թոշակառուն գլխի չի էլ ընկնում»:

https://www.facebook.com/a.grigoryan79/posts/2890698151153318