Թաթոյանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում ռազմագերիների վերաբերյալ Ալիևի հայտարարության վրա

181

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի նախագահի հայտարարության վրա: «Հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի հայտարարությանը՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որևէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին», – հայտարարում է Արմեն Թաթոյանը:

Երեկ` Իլհամ Ալիևը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, ասել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաև, թե նրանք ձերբակալված են, ու նրանց որակել է որպես ահաբեկիչներ:

«Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ այս և նման հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն: Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են», – շեշտում է Հայաստանի ՄԻ պաշտպանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու զեկույցները փաստում են, որ «այս ամենը նպատակ ունի հոգեկան տառապանքներ պատճառել գերիների ընտանիքներին, խաղալ հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն առաջացնել մեր երկրում»: