«Ադրբեջանը մշակութային հուշարձանների ոչնչացմամբ տարածքներ է լեգիտիմացնում». Արցախի ԿԳՄՍ նախարար

144

Aravot.am-ի խնդրանքով Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն անդրադարձավ այն խնդրին, որ Ադրբեջանը տապալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության մուտքը Արցախ: «Մենք խորապես հիասթափված ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական խմբի այցը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու գործողություններից: Սա կրկին հուշում է, որ պատերազմը չի ավարտվել եւ շարունակվում է: Մենք չենք ուզում, որ թշնամու վերահսկողության տարածքում եղած մեր հուշարձաններն ունենան այն ճակատագիրը, ինչին արժանացել են Ջուղայի խաչքարերը 2015թ.: Ադրբեջանը խաչքարերի եւ մշակութային հուշարձանների ոչնչացմամբ տարածքներ է լեգիտիմացնում ու կտրում է մեր ազգային ինքնագիտակցության, ինքնության, հիշողության հետ ունեցած հուզական խորը կապերը: Սա որակում եմ պատերազմ, որակում եմ մշակութային պատերազմ… Մենք չենք լռելու, հետեւողական ենք լինելու՝ թշնամու վերահսկողության տարածքում գտնվող մեր բոլոր հուշարձանների պահպանության եւ վերականգնման եւ հանրահռչակման առումով: Մեր քաղաքականության հիմնական ուղղությունը լինելու է հենց այդ տարածքում գտնվող մեր հուշարձանների հետեւողական հանրահռչակումը»,-նշեց տիկին Ղարախանյանը: Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խոսքով «առաջիկայում Արցախի կառավարությունը հաստատելու է  թշնամու վերահսկողության տակ գտնվող հուշարձանների ցանկը: Մենք բոլորը կետ առ կետ հաշվառել ենք: Առաջիկայում կլինի Քարվաճառի հուշարձանների ցանկը, հետո Քաշաթաղի շրջանի հուշարձաներինը, ապա՝ մնացած տարածքներինը, որտեղ բավականին մշակութային հուշարձաններ, պատմամշակութային ժառանգություն կա»:

Aravot.am