Անհայտ կորած համարվող, բայց փրկված վեց զինծառայողները մեր կապիտալն են

171

Նոր տարին անցյալի սխալների ու հաջողությունների վրա հիմնված նոր փորձով ու գիտելիքով առաջ ընթանալու ինչ-որ սկիզբ է համարվում։ Մեզանում նոր փորձի ու գիտելիքի գնահատումը, ի տարբերություն այլ ազգերի, շատ թերի է։ Ուստի հարկ կա երբեմն նոր փորձն ու գիտելիքը պարտադրանքով ու համառ ջանքերի գնով մարդկանց գիտակցության մեջ ներմուծել։ Առավել եւս, որ ներկա կառավարությունը պոպուլիստ անուղեղների ունիկալ համաքածու է ու սպասել, որ այն ժողովրդի առջեւ ստանձնած իր պարտականությունները կիրագործի՝ անտեղի սպասում է։

Մի օրինակ եմ ուզում վկայակոչել, որը պատերազմից հետո տիպային է դարձել ինձ համար։ Պատերազմի հետեւանքով անհայտ կորած վեց զինծառայողների փրկության փորձը լավագույնս վկայում է, թե որն է եղել նրանց կենդանի մնալու գրավականը։ Լսելով այդ տղաներին՝ պարզ է դառնում, որ նրանք ողջ են մնացել ու կարողացել են տասնյակ օրեր դեգերելուց հետո հետ վերադառնալ միայն մի բանի շնորհիվ։ Այդ մի բանը գիտելիքն է։ Մեզանից քանիսը գիտի ինչպես լիցքավորել հեռախոսը սովորական էլեմենտների միջոցով։ Միգուցե տեսականորեն հիմա բոլորը սկսեն պատկերացնել դա ու համարեն, որ արդեն գիտեն։ Բայց խնդիրն արտակարգ իրավիճակում ուղեղ բանեցնելու մասին է, երբ հարկ կա կռահել խնդիրների լուծման ճանապարհները, գտնել լավագույն լուծման ճանապարհը, օգտվել ֆիզիկայի, քիմիայի, մեխանիկայի ու մյուս գիտությունների ընձեռած կանոնների հնարավորություններից։ 18-20 տարեկան երիտասարդները կենդանի են մնացել, քանի որ դպրոցում իսկապես գերազանց են սովորել՝ չնայած տարիներ շարունակ միջավայրը զբաղված էր սպառողական հոգեբանություն ու գիտելիքի հանդեպ զզվանք նրանց մեջ սերմանելով։ Միակ ավագ ընկերը, ով տեղանքում կողմնորշվելու հմտություններ է ունեցել, եղել է կարծեմ 22 տարեկան։ Բնության հետ ներդաշնակ լինելու, բնագիտությունից գիտելիք ու փորձ ունենալու հաշվին այդ տղան կարողացել է խմբին տանել առավել անվտանգ ու ապահով ճանապարհներով։ Ընդ որում, իրենք շարժվել են հարավ՝ ամենից երկար, բայց ըստ էության ամենից արդարացված ճանապարհով։

Հիմա մենք ի՞նչ ենք անում այս տղաների փորձը հանրային կենսափորձ դարձնելու ուղղությամբ։ Մի օրինակ բերեմ, որ հասկանալի դառնա ինչ եմ ասում։ Ժամանակին ոստիկանությունում կար մի շատ կարեւոր մեթոդ, որից օգտվում էին անցյալի օդիոզ, բայց կառավարման փորձ ունեցող ոստիկանապետերը։ Երբ որեւէ շարքային ոստիկան ծառայության ընթացքում արտակարգ իրավիճակում ակնհայտ լուրջ արդյունք էր ապահովում, նրա կոչումն ու պաշտոնը միանգամից բարձրացվում էր՝ անկախ նրանից ով էր նա։ Նորքի զանգվածում բանկում ավազակային հարձակում էր եղել, ոստիկանը շատ արագ կողմնորոշվել էր ու սպանել էր հանցագործին (տվյալ իրավիճակում հանցագործը ոստիկանից առավելություն ունի, քանզի ուսումնասիրել է վայրն ու ելումուտը ու գործում է հանկարծակիության էֆեկտ ապահովելու վրա)։ Դրանից հետո տվյալ ոստիկանը ՀՀ ոստիկանության պետի ուղղակի հովանավորչության տակ հայտնվեց ու միանգամից բարձրացվեցին նրա կոչումն ու պաշտոնը՝ չնայած այն բանին, որ քննությունը դեռ պետք է պարզեր կա՞ր իշխանության սահմանազանցում, թե՞ ոչ։

Հիմա անհայտ կորած համարվող, բայց փրկված վեց զինծառայողները մեր կապիտալն են։ Շռայլություն է չօգտվել նրանց ծառայությունից։ Փորձի փոխանակումը պարտադիր է։ Նոր որակը պետք է միանգամից գնահատվի, այդ տղաներին պետք է խնդրենք առաջիկա տարիներին շարունակել իրենց ծառայությունը Հայոց բանակում՝ դրա համար նրանց տալով նոր պաշտոն ու կոչում։ Ու դա պետք է հանրային մեծ հնչողություն ունենա, որպեսզի խթանի պատանիների՝ գիտելիքի հանդեպ առողջ վերաբերմունքը։

Շնորհավոր մեր զինվորների Ամանորը։ Առողջ ու երջանիկ լինեք, տղե՛րք, ու մեզ բոլորիս երջանկացնեք․․․

Վերլուծաբան Սարո Սարոյանի ֆեյսբուքյան էջից