Վերջաբան կամ բաժակը այդպես էլ սեղանին կմնա…

308

Կարծում եմ՝ բոլորս էլ յուրաքանչյուր տարվա վերջինը օրը, այսինքն՝ այսօր, հետևաբար բոլոր տարիների այսօր-ը, ամփոփում ենք անցնող տարին, վերլուծում, թե ինչ նոր ձեռքբերումներ ունեցանք անցած 364 օրերի ընթացքում, կորուստների համար տխրում, արածի համար գոհ լինում մեզանից, չարածի համար՝ փոշմանում:

2019 թվականի այս օրը այլ դեկտեմբերի 31 էր: Էլի ամփոփում էինք տարին, բայց ուրիշ Հայաստանում էինք ամփոփում, ուրիշ իրականությունում, ուրիշ տրամադրությունով ու տրամադրվածությամբ:
Փոխվեց… Գրեթե ամեն ինչ փոխվեց:

Եկեք ամփոփենք այս տարին: Բայց ի՞նչը ամփոփենք, ի՞նչ ձեռքբերում ունենք: Կորուստների մասին խոսե՞նք: Ո՞ր կորուստի… Բոլորի՞: Չէ՛, ավելի լավ է լռենք:
Ինչքան խոսենք, տրտնջանք, մեկ է, եղածն եղած է, ոչ մի բան չենք կարող փոխել: Ճիշտ է՝ չենք կարող փոխել, բայց կարող ենք չէ՞ այս ամենից հետո՝ հարազատ, ծննդավայր, տուն, հայրենիք կորցրած մարդկանց առաջ արդարացի լինենք:
Գիտե՞ք՝ ամանորյա ճոխ զարդարանքով, տոնածառով, շքեղ սեղանով չէ, որ պիտի ուրախանանք: Եթե պատերազմը, ուղիղ իմաստով, մեր տուն չի մտել, դա դեռ չի նշանակում, որ պետք է ամանորը նշենք այնպես, ինչպես անցած տարի:

Երբ մենք զարդարում ենք մեր տունը, եկեք մի պահ հիշենք՝ մեր հայրենակիցներից շատերը իրենց տունն են կորցրել, այն տունը, որը անցած տարիների նման արդեն պլանավորել էին, թե ինչպես պիտի զարդարեին, տոնածառը տան որ հատվածում պիտի դնեին, երեխաների նվերները պիտի բարձի տակ դնեին, թե տոնածառի: Իսկ հիմա այդ տանը… էլ տուն էլ չմնաց: Հիմա այդ տան տերերը, երևի բարեկամներից մեկի տանն են ապրում։ Երբ իրենց երեխան ինչ-որ չարաճճիություն է անում, իրենց վատ են զգում։ Նեղվում են, որ չեն կարողանում ամանորյա նվեր գնել երեխայի համար: Ինչ խոսք, պատկերացնելն անգամ նեղում է:
Երբ 00:00-ին բաժակը կխփենք ընտանիքի անդամների բաժակներին՝ 2021-ը շնորհավորելու համար, մի պահ հիշենք, թե ինչքան ընտանիքներ կան, որտեղ բաժակներից մեկը (ցավոք, կան ընտանիքներ, որ ցավը կրկնակի է) սեղանին է մնալու։ Երբ երեխաները կուրախանան ստացած նվերներից, մտածենք՝ երեխաներ կան, որ աչքը դռնից չեն կտրում, սպասում են իրենց հայրիկներին, որ գան ու իրենց սենյակներում մնացած խաղալիքներն էլ բերեն: Ինչպես բացատրես այդ երեխային, որ քո հայրը զոհվել է, որ այսօր մենք Ամանոր նշենք։
Երբ ամանորյա սեղանների շուրջ կհասնի հանգյուցալներին հիշելու կենացը, հիշենք՝ հերոսներ ունենք, որ այդպես էլ գերեզման չունեցան:
Երբ վառարանների կողքը նստած «Կոկա-կոլա» կխմենք, մի պահ հիշենք մեր գերիներին, թե որտեղ ու ինչ վիճակում են:
Հիշենք, մենք այսօր նախատոնական եռուզեռի մեջ ենք, իսկ Եռաբլուրում մայրը իր որդուն է հողին հանձնում: Հա-հա, հենց այսօր՝ Ամանորին:
Այսօր, վաղը ու միշտ, հիշենք այս ցավերով ապրող ընտանիքներին:

Ոչ ոք չի կարող մեղադրել այն ընտանիքներին, ովքեր փոքրիկ երեխաներ ունեն: Նրանք պարտավոր են ապրել ու այս օրը տոն դարձնել իրենց երեխաների համար:

Հետաքրքիր է, ի՞նչ կզգայի, երբ ամանորյա գնումների ծանր տոպրակներով տուն վերադառնալիս, ճանապարհին տունը կորցրած հայրենակցիս հանդիպեի: Շատ հայրենակիցներ ունեմ, որ կարող եմ նրանցից այս հետաքրքրական հարցիս պատասխանը հարցնել: Բայց, արդյո՞ք նրանք որևէ բան զգացած կլինեն: Չեմ կարծում:

Բայց ասե՞ք, որ մենք չենք ցանկանում կամ իրոք, չենք կարողանում զգալ այն, ինչը  անձնապես մեզ չի վերաբերում: Մենք կվշտակցենք մեր դիմացինին, բայց երբ մի քայլ հեռանանք նրա կողքից՝ կմոռանանք վիշտը:

Դե ինչ, այս «սև» տարին թող իր հետ տանի ամեն վատ բան: 2021-ը թող իր հետ մեզ ուժեղ կամք, հանդուրժողականություն, հզորություն, սեր ու համառություն բերի: Բոլորս էլ հասկանում ենք, որ եկողը բոլոր իմաստներով ծանր տարի է լինելու, բայց պետք չէ վախենալ։ Աշխատենք, արարենք, հզորանանք, որ եկող Ամանորը Շուշիում նշենք:

Եկե՛ք այսօրը, վաղը, հաջորդող մի քանի օրը համարենք սովորական օր, ինչպես տարվա մնացած օրերը: Պայմանավորվենք՝ մեկ-մեկու չշնորհավորենք, միայն խաղաղություն ու հզորություն մաղթենք: Հաջորդ պատերազմը սարերի հետևում չէ ու մենք պիտի հաղթենք, որ մեր եղբայրների՝ «հանուն»-ի զոհվելը արդարացված լինի:

Ու ինչպես կասեր «Տիտանիկի» խորտակման ժամանակ մահացած բրիտանացի լրագրող Վիլյամ Թոմասը. «Ամանորը Ամանոր չի լինի, եթե զղջալու ոչինչ չլինի»։
Մենք զղջալու շատ բան ունենք: Զղջանք, որ թույլ տվեցինք մեզ դավաճանեն, որ փախանք մեր զինակից ընկերների թիկունքից, եկանք Երևան հերոսներ խաղացինք, զղջանք, որ այսքանից հետո դեռ չենք զղջում:

Խաղաղություն ու հզորություն բոլորիս: