Սերունդներն այսուհետ ապրելու են պարտքի մի մեծ բեռի տակ. մենք պարտք ենք մնացել նրանց. Սիսիանի համայնքապետ

136

Նոր տարին դիմավորում ենք փշրված սրտերով ու արցունքոտ աչքերով: Այս մասին իր ուղերձում նշել է Սիսիանի քաղաքապետ։ Արթուր Սարգսյանը:

Ուղերձում ասվում

«Սիրելի սիսիանցիներ, հարգելի հայրենակիցներ.

Ժամեր հետո կամփոփենք 2020 թվականը, մեր նորօրյա պատմության ամենադառնալից ու ողբերգական տարին… դիմավորում ենք նոր տարին՝ փշրված սրտերով ու արցունքոտ աչքերով, ու ոչ թե ամփոփում այլ դնում ենք բազմակետեր, փորձում շտկել մեր կորացած մեջքն ու բարձրացնել խոնարհված գլուխը:

Տարեմուտի բարեմաղթանքներից առաջ եկեք մի պահ լռենք, շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, որոնք պայքարել են հանուն հայրենիքի, որոնք իրենց արյամբ սրբացրել են մայր հողը, բոլոր նրանց, որոնց հայրենիքը ամենքից ու ամեն ինչից վեր են դասել ու դասում են, խոնարհվենք մեր նահատակ հերոսների հիշատակի առջեւ, հերոս ծնած մայրերի առջեւ, աղոթենք սահմանին կանգնած տղաների համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, 2020 թվականը մարդկության համար պատրաստել էր բազում արհավիրքներ ու փորձություններ, առաջին իսկ ամիսներից պայքար սկսվեց հանկարծահաս վարակի՝ COVID-19-ի դեմ: Անելանելի իրավիճակում փորձեցինք մեր համայնքը հնարավորինս պաշտպանել վարակի ներթափանցումից, կյանքի ընթացքը կարգավորել ժամանակի թելադրանքով, թվում էր, թե կյանքը կանգ է առել, սակայն ամենադաժանը դեռ առջեւում էր…

Թշնամու կողմից սեպտեմբերի 27-ին Արցախ աշխարհի ու ողջ հայության դեմ սանձազերծված պատերազմը ցնցեց բոլորիս, 44 երկարուձիգ դաժան օրեր, հազարավոր զոհեր, կորսված հայրենիք, խեղված ճակատագրեր, որբացած մանուկներ, սեւազգեստ մայրեր ու այրիներ, անհետ կորածներ, գերեվարված զինվորներ, մի մեծ ցավ, որը, թվում է թե ժամանակն անգամ անզոր է բուժել եւ ամոքել:

Սերունդներն այսուհետ ապրելու են պարտքի մի մեծ բեռի տակ, մեր պապերի ձեռք բերածն ենք կորցրել, մեր նահատակների արյամբ ձեռք բերվածն ենք կորցրել, ապագայի հանդեպ մեր հույսն ու հավատն ենք կորցրել, ու պարտք ենք մնացել թե՛ մեր պապերին ու, հատկապես, գալիք սերունդներին:

Հայն այս փորձությունն էլ կհաղթահարի, նորից կուղղի կորացած մեջքը, խաղաղ եւ անվտանգ սահմաններով եզերված հայրենիք ունենալու փափագով հայացքը կուղղի դեպի ապագան:

Սիրելի՛ հայրենակիցներ, գալիք տարում շատ անելիքներ ունենք, մեր համայնքը, ինչպես եւ ողջ Հայաստանը, պատերազմի հետեւանքով կանգնած է սոցիալական բազում խնդիրների առջեւ: Անցնող ամիսների ընթացքում համայնքապետարանը, սեփական միջոցներով ու սրտացավ բարերաների աջակցությամբ, կարողացել է հաղթահարել ծագած բոլոր դժվարությունները, հազարավոր տեղահանված արցախցիներ ենք հյուրընկալել, հնարավորությունների սահմանում մինչ օրս փորձում ենք ապահովել նրանց կեցության համար անհրաժեշտ պայմանները:

Աջակցություն ենք ցուցաբերել առաջնագծում կանգնած մեր կամավորականներին, փորձել ավարտին հասցնել համայնքում սկսված սոցիալ-տնտեսական ծրագրերը, եւ այլն: Առիթն օգտագործելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին, բարերարներին, անհատներին, ովքեր թե՛ COVID-19-ի տարածման եւ թե՛ պատերազմի օրերին եղել են համայնքի կողքին, շնորհակալություն ձեր նվիրումի եւ հայրենանվեր աշխատանքի համար: Շնորհակալություն եմ հայտնում մեր համայնքի բնակչությանը՝ իրենց սրտացավության, հյուրընկալության եւ ստեղծված իրավիճակին ըմբռնումով մոտենալու համար, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ֆինանսապես ու ֆիզիկապես այս դժվարին օրերին եղել են համայնքապետարանի կողքին:

Սիրելի՛ հայրենակիցներ, թող որ 2021 թվականը դառնա մեր հույսի ու լավատեսության վերածննդի տարի, թող գալիք բոլոր օրերը ամոքիչ բալասան դառնան, թող երբեք չմարի հայի պայքարի ոգին: Պետք է սթափվել, հզորանալ ու սերունդներին ժառանգել ապահով ու անվտանգ ապրելու երաշխիքներ, պետություն, պետականություն ու ամրակուռ հայրենիք: