Արամ Ա-ն հանդիպել է պապական նվիրակի հետ. քննարկվել է Արցախի հարցը

138

Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

«Այս առավոտ՝ դեկտեմբերի 31-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին է այցելել պապական նվիրակ Ժոզեֆ Սփիթերին։ Նա Վեհափառ Հայրապետին է փոխանցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի եղբայրական ողջույնները եւ վերջինիս կողմից նամակ է հանձնել Հայրապետին։

Շուրջ մեկ ժամ  տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի կացության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթղիկոսության ու Վատիկանի գործակցությանն առնչված հարցեր։ Հատուկ ուշադրության առարկա է դարձել Արցախի հարցը։

Արդարեւ, Արցախի պատերազմի շրջանում, Վեհափառ Հայրապետը պապական նվիրակին միջոցով մեր մտահոգություններն ու սպասումներն է փոխանցել Սրբազան Քահանայապետին եւ Վատիկանի պետական քարտուղարին՝ շեշտելով Արցախի անկախության ճանաչման հրամայականը։

Պապական նվիրակը հայտնել է Նորին Սրբությանը, որ Վատիկանը հետեւում է Արցախում տեղի ունեցող զարգացումներին՝ միշտ կապի մեջ լինելով հատկապես Ռուսաստանի հետ։

Վեհափառ Հայրապետը ջերմորեն ողջունել է թե՛ Լիբանանի, թե Հայաստանի ու Արցախի նկատմամբ Սրբազան Քահանայապետի ցուցաբերած նախանձախնդրությունը»։