Անխուսափելի սահմանաբաժանը

222

Այս օրերին երկրում առկա է առաջին հայացքից ծանոթ, իսկ իրականում՝ տար­օրի­նակ պատկեր. ժողովրդի մի մասը համառ պայքար է մղում հայրենիք և պետա­կա­նու­թյուն ունենալու համար, երկրորդ մասը, ընդհանուր առմամբ համաձայն լինելով առաջինների հետ, բայցևայնպես հետույքը չի կտրում փափուկ բազկաթոռներից ու բազմոցներից՝ գերադասելով իրադարձություններին հետևել համակարգիչների ու հեռուստացույցների էկրաններից, այլ կերպ՝ առաջնորդվելով ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու հայտնի սկզբունքով, երրորդ մասն էլ (թեպետև՝ ոչ մեծաթիվ) շարունակում է խնկարկել իր կուռքին՝ Նիկոլին, այդպիսի վարքագիծը հիմնա­վո­րե­լով «նախկինների» հնարավոր վերադարձի վտանգով: Արդյունքում ունենք կռիլովյան՝ կարապի, գայլաձկան և խեցգետնի ծանոթ պատկերը:

Նյարդերի այս պայքարում ո՞ր կողմն ավելի համառ ու տոկուն կգտնվի: Իսկապես ամոթալի, ավելին՝ նողկալի պատ­կեր, որովհետև ստացվում է, որ առաջինները՝ գործնականում պայ­քարողները, պատրաստ են վտանգելու իրենց և իրենց ընտանիքները, որպեսզի հայ­րե­նազուրկ չդառնան նաև գիտակցաբար կամ անգիտությամբ նիկոլիզմի սայլին լծվածները: Այնինչ՝ ամեն ինչ շատ հստակ է, իհարկե՝ գիտակցողների համար. կամ փրկվում են բոլորը միասին, կամ չի փրկվում ոչ ոք, որովհետև եթե Հայրենիքի փրկության շարժման պայ­քարը չի պսակվում հաղթա­նա­կով (իսկ ես այդ մասին նույնիսկ չեմ էլ ուզում մտածել), ապա հակառակը պետա­կա­նու­թյան կորուստն է:

Պետականության կորստի գործ­ըն­թացն արդեն սկսված է, ժամանակի թափանիվն ի վնաս մեզ արագություն է հավաքում, անկախ այն բանից, թե ժողովրդի որ մասն է դա գիտակցում: Ասվածի դր­սևո­րումներն են ամեն օր մեր հայրենիքի նորանոր հատվածների հանձնումը թշնա­մուն առայժմ՝ Սյունիքում, հետո կլինեն նաև մյուս մարզերում: Թշնամի երկրի իշխա­նու­­թյուն­նե­րը շտա­պում են նպաս­տավոր պահը բաց չթողնել մեզանից առավելագույնը պոկելու համար, իսկ մեր իշ­խա­նություն կոչվածները անամոթաբար զբաղված են, ի հաշիվ ներքին օրակարգի, թշնամու գործե­լա­կեր­պի համար արդարացումներ գտնելու և պատասխանատվությունն իրենցից հեռաց­նե­լու գործով: Որպես հետևանք այս պարտ­ված պատե­րազ­մի՝ մենք ոչ միայն կորցրել ենք հազարավոր հայորդիների, մեր հայրենիքի զգալի մասը, այլև, որ ոչ պակաս կարևոր է, կորցրել ենք վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, կարցրել ենք հավատը, որ ինքնուրույն կարող ենք ինչ-որ բան անել և առհասարակ պետություն լինել:

Իմ նպատակից դուրս է ներկա իրավիճակի հերթական վերլուծությունն անելը, որով­հետև այլևս դա անիմաստ զբաղմունք եմ համարում: Այդ առումով ավելի քան բավարար չափով ասվել ու գրվել է: Ով ի վիճակի էր հասկանալու, հասկացել է, իսկ ով չի հաս­կացել, նրա վրա այլևս ժամանակ ծախսելն անիմաստ է: Այստեղ պիտի փորձեմ անդրադառնալ առաջին հայացքից մեկը մյուսից անկախ թվացող, իսկ իրականում ներքին խորքային կապի մեջ գտնվող որոշ երևույթների:

1) Երբեմն հասարակության տարբեր հատվածներից լսելի են դառնում մոտա­վո­րա­պես «ինչ եղել՝ եղել է, պրծանք» տիպի արտահայտություններ: Դրանց հեղի­նակ­ներն ու թութակողները նիկոլիզմի բնական դաշնակիցներեն են: Այդպիսիք կամ առ այսօր չունեն այն գիտակցումը, որ Արցախը Հա­յաս­տանի մի մասն է, անկախ նրա այժմյան կար­գավիճակից (վերջինը ազգային-քա­ղա­քական մարտավարության հարց է), կամ էլ՝ նրանց համար միևնույնն է Հայաստանի տարածքի ցանկացած կո­րուստ, միայն թե իրենք դժվարություններ չկրեն: Նմանները պարզապես չեն գիտակ­ցում, որ մեր թշ­նա­մու ախորժակը շատ ավելի մեծ է, քան իրենց թվում է: Գործ­նա­կանում թշնամին չի էլ թաքցնում իր մտադրություննները: Ով այսօր չի ուզում պայքարել Արցախի, արդեն՝ նաև Սյունիքի համար, վաղը ստիպված կլինի պայքարել Արա­րատ­յան դաշտավայրի, Կոտայքի կամ մեկ այլ մարզի իր գյուղի համար: 1918-ին մեր կենաց-մահու կռիվը տվեցինք Սարդարապատում, Բաշ Ապա­րա­նում և Ղարաքիլիսայում, որովհետև չուզեցինք այդ կռիվը տալ Էրզրումում, չուզեցինք այդ կռիվը տալ Կարսի պարիսպների տակ: Ճիշտ է՝ այդ ճա­նա­պարհին ունեցանք խիզախումի և հերոսության բազում դրվագներ, բայց դրանք միայն դրվագներ էին, որոնք մեծ հաշվով իրավիճակ չէին փոխում: Դաժան է, բայց փաստ. կարող էին չլինել նույնիսկ նշածս հերո­սա­մար­տե­րը, կամ լինելու դեպքում դրանք չպսակվեին հաղ­թա­կան ելքով, եթե վրացիները 1918-ի մայիսին չփակեին հայ-վրացական սահ­մա­նը: Սրանով ես բոլորովին չեմ ուզում նսեմացնել հայի մարտական կորովը, թերա­գնա­հա­տել քաջության աննախընթաց դրսևորումները, որոնք նա ցույց է տվել գրեթե բոլոր մեծ ու փոքր պատերազմներում: Այդուհանդերձ, մեկ բան փաստ է. մենք ոչ բոլոր շրջադարձային պահերին ենք ճիշտ գնահատել իրավիճակը և ըստ այդմ գործելու կամք դրսևորել, որի պատճառով էլ մեր հայրենիքի սահմանները շագրենի կաշու պես ան­վերջ կրճատվում են: Այսօր այդ պահերից մեկն է:

Իհարկե, գաղտինք չէ, որ անկախ պետակա­նու­թյունը ժողովրդի մի որոշ մասի համար արժեք չէ, նրանք պատրաստ են ցանկացած պահի լքել հայրենիքը և դրա հա­մար միշտ ունեն հիմնավորում: Այդպիսիները իրականում հոգով անհայ­րե­նիք­ներն են: Ինձ համար և ինձ նման մտածողների համար, սակայն, հայրենիքը լքելու միայն մեկ արդա­րա­ցում կարող է լինել. եթե վտանգված է քո և քո ընտանիքի ֆիզիկական ան­վտան­գու­թյունը: Դա էլ վերա­պա­հու­մով, եթե սպառված են պայքարելու բոլոր հնարա­վո­րու­թյունները, կամ պայքարը շարունակելը կարող է հանգեցնել ավելի մեծ աղետի: Այսինքն՝ այնպիսի պայմաններ, որպիսիք Հայաս­տա­նում առաջացան 1920 թ. դեկ­տեմ­բե­րից հետո, երբ մեկնարկեցին բոլշևիկյան զանգ­վա­ծային ձերբակալություն­ներն ու սպա­նությունները: Անհայրենիք տեսակը ամենավտան­գա­վորն է, ավելի վտանգավոր, քան գաղափարական հակա­ռա­կորդդ ու թշնամիդ, որովհետև նա, առերևույթ քեզ հետ լինելով, ցանկացած պահի կարող է լքել մարտադաշտը՝ թիկունքդ թողնելով դատարկ:

2) Իրավապահ մարմիները կարծես սկսել են ավելի շատ ջանքեր գործադրել, քան դա պահանջում է իրենց մասնագիտական պարտքը: Եթե մենք գտնվեինք իշ­խա­նու­թյան համար պայքարի ստանդարտ իրավիճակում, նրանց վարքագիծը միան­գամ­այն հասկանալի կլիներ: Կարծում եմ, նրանցից շատերը գիտակցում են, առնվազն պարտավոր են գիտակցել, որ ներկա դրությունը սովորականներից չէ: Ավելին՝ բա­ցա­ռիկ է: Հետևաբար իրենց քայլերը նույնպես պիտի համարժեք լինեն իրավիճակին: Այդ մասին գրեթե ամեն օր ազդարարում են նրանց նախկին և ներկա գործընկերներից շա­տերը, որոնք գիտակցում են, որ չի կարելի խաղալիք դառնալ ան­մեղ­սունակների իշ­խա­նության ձեռքում: Այդպիսի վարքագիծը պարզապես անպատ­վա­բեր է: Պաշտ­պա­նել հայրենիքի կորստի պատճառ դարձած իշխանությանը, նշանակում է մեղսակ­ցել հայրենադավության շարունակվող գործընթացին:

3) Մոտ երկու շաբաթ առաջ ես հորդորով դիմեցի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ թերևս չհիմնավորված լավատեսությամբ կար­ծե­լով, որ նրանց շարքերում, այնուամենայնիվ, կգտնվեն բարձր արժեքներով առաջ­նորդ­վող մարդիկ (տե՛ս «Yerkir.am», 11. 12. 2020 թ.): Սակայն ցավով պիտի նշեմ, որ իմքայլականների շրջահայացության մա­սին պատկերացումներս չափազանցված էին: Նրանց համար գերա­դա­սելի են մնում նվեր ստացած մանդատը, պարգևա­վճար­ները և «թիմի» պատ­րան­քը: Ըստ էության, այդ խմբակցության ութսունից ավելի պատ­գա­մավորներից ան­հրա­ժեշտ հասունություն, մեծ բանաստեղծի խոսքերով՝ «իրենից ավելի հասուն լինե­լու» ունա­կություն դրսևորեցին մի քանիսը միայն, այն էլ՝ նոյեմբերի 10-ին հաջորդող առաջին օրերին: Մի հանգամանք, որը նրանց պատիվ է բերում: Մյուսներին հա­վա­նա­բար թվում է, թե իրենց կհա­ջող­վի հաճելին զուգակցել ցանկալիի հետ և խուսափել ապագա պատասխանատվությունից: Վստահեցնում եմ՝ միանշանակ չի հա­ջող­վելու: Ձեզ առաջնային մանդատ է տրվել (այլևս էական չէ, թե ինչու և ինչպես), հետևաբար դուք նույնչափ պատասխա­նա­տվու­թյուն եք կրում մեր պետա­կա­նու­թյան և ժողովրդի ճակատագրի համար, որքան ձեր «ընտրյալը», որին նիկոլ են ասում («Նիկոլ» անունն իմ գիտակցության մեջ զու­գակց­վում է մեր ժողովրդի երկու մեծ զավակների՝ Նիկոլ Դումանի և Նիկոլ Աղբալյանի անունների հետ, որոնք հայրենիքին ու հայ ժողո­վր­դին անձնուրաց նվիրումի խոր­հր­դանիշներ են եղել, ուստի մեծ ցավ եմ ապրում, որ այդ անունն այս օրերին պիտի հնչի նաև որպես հայրենադավության խորհրդանիշ): Որ ձեր «նիկոլը» ապիկարների իր «շքախմբով» պիտի հեռանա, ինձ համար կասկածից վեր է, քանզի հայ ժողովուրդը նիկոլի ու նիկոլիզմի հետ ապագա չունի, որքան էլ հա­կա­ռակի մասին ոռնան որոշ բաբաջանողլիներ: Յուրաքանչյուրի իրավունքն է ընտ­րել, թե որտեղ և ում կողքին է տեսնում իրեն՝ նիկոլիզմի՞, որն այլևս հայրե­նա­դա­վու­թյան խոր­հր­դանիշ է, թե՞ Հայրենիքի փրկության շաժման, որի ուսերին բնականորեն ծան­րա­ցել է պետականությունը փրկելու առաքելությունը, որովհետև այդ շարժումը գլխա­վո­րում են մեր երկրորդ անկախ պետականության կերտման ակունք­ներից եկող և նրա կա­յաց­ման գործում մեծ ներդրում ունեցող ազգային գոր­ծիչները և ուժերը: Իսկ նիկոլիզմի և Հայրենիքի փրկության շարժման միջև այլևս անխուսափելի սահմա­նա­բաժանն է:

Վարդան Պետրոսյան

24. 12. 2020 թ․