Ուկրաինական բանակը Դոնբասում չպետք է «նստի խրամատներում». Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար

189

Ուկրաինացի զինվորականները Դոնբասում չպետք է նստեն խրամատներում, այլ պետք է «շարժվեն», որպեսզի հասնեն վերջնական նպատակին՝ Դոնբասի ամբողջ տարածքի՝ Կիևի վերահսկողության տակ վերադարձնելուն: Այս մասին չորեքշաբթի ուկրաինական Observer թերթին տված հարցազրույցում հայտարարել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը:

«Կրակոցները շարունակվում են խրամատներում. այնտեղ վերցրել են 1 կիլոմետր, ուրիշ տեղ` 200 մետր: Բայց այս և այն կողմ շարժումները կորուստներով են տեղի ունենում: Բանակը պետք է շարժվի, պետք է ունենա նպատակ և հասնի դրան: Իսկ ի՞նչ նպատակ ունի խրամատում նստելը»,- ասել է նա:

Խոմչակը նշել է, որ երկրի ղեկավարությունը մեկ նպատակ ունի՝ Դոնբասը վերադարձնել Ուկրաինային, բայց դա հեշտ գործ չէ: «Մեզ՝ զինվորականներիս համար, ավելի հեշտ կլիներ, եթե տրվեր «առաջ» հրամանը, և գնայինք, բայց դրա համար շատ գործոններ պետք է լինեն»,- պարզաբանել է գերագույն գլխավոր հրամանատարը:

Նա շեշտել է, որ ուկրաինական կողմը պետք է պատրաստ լինի դրան, պատրաստվի և ունենա ժամանակակից զենք, ինչպես նաև գիտակցի, որ հարձակման դեպքում հնարավոր են զոհեր խաղաղ բնակչության շրջանում:

Խոմչակը նշել է Դոնբասում հրադադարի ռեժիմի կարևորությունը`այն անվանելով հակամարտության կարգավորման առաջին քայլ: