«Մղամուճ, մուսակկա եւ մարդասպանություն»

54

[202004316.jpg] [202004315.jpg]

Բաղաձայնույթիՙ որոշակի գեղարվեստական հնարք հետապնդող «Մ» բաղաձայնի կրկնությամբ (հետաքրքրական է, որ անգլերեն վերնագիրն էլ պարունակում է միեւնույն տառի կրկնությունըՙ «Mistletoe, Moussaka and Murder») վերոնշյալ բուսա-բանջարեղենա-առեղծվածային խորագիրն է ընտրել իր նոր գրքի համար Ջերսի Շորում ապրող (որտեղ ծնողները ռեստորանի սեփականատեր են) նախկինում իրավաբան աշխատած, իսկ այժմ Քենսինգտոն հրատարակչատան լույս ընծայած «Խոհանոցային առեղծվածներ» մատենաշարի հեղինակ Թինա Քաշյանը:

Նրա առեղծվածային պատմություններն ունեն ինքնարտահայտիչ համ ու հոտով, սրամիտ վերնագրեր, ինչպես օրինակՙ «Հումուս եւ սպանություն», «Փախլավայի սիրոպի մեջ դաշունահարված», «Մի ոտը գերեզմանում», «Գառան մսի վրայով», եւայլն: Այս բոլորում հանդես է գալիս Քաշյանի նման նախկինում իրավաբան աշխատած, իսկ հետո ծովեզերյա այդ վայրում միջերկրականյան խոհանոցային ուտեստներ մատուցող ռեստորանատեր դարձած, բայց խուզարկուի ընդունակությունները դեռեւս պահպանած Լյուսի Բերբերյանը, որ նշանված է ռեստորանի ավագ խոհարարՙ Ազատի հետ: Վերջինս կոտրել է նրա սիրտը: Լյուսին պետք է կարողանա նաեւ լեզու գտնել իրՙ ուրիշի գործերին խառնվող ծնողների հետ: Յուրահատուկ դեր է վստահված նաեւ «Կատու» անունով փիսիկին:

«Մղամուճ, մուսակկա եւ մարդասպանություն» նոր գրքում օվկիանոսում լողալիս սպանվում է թոշակառու Սպուները: Բոլորի կասկածներն ընկնում են հացթուխ Սյուզանի վրա, բայց խուզարկուների ներքին ձայնն ասում է, որ մեկ ուրիշն է մեղավորը: Հանգուցալուծումը անսպասելիորեն գալիս է անակնկալ մատուցելու ընթերցողներին:

Քաշյանի գրելաոճը բնական խոսակցականն է եւ պարունակում է առօրյա կյանքի հետաքրքրական մանրամասնություններ: Գիրքը (320 էջ) ըստ գրախոս Քրիստոֆեր Ադամյանի, խիստ հաճելի պահեր կպարգեւի թագավարակի պայմաններում ապրող ընթերցողներին, հատկապես նոր տարվա արձակուրդների ժամանակահատվածում:
Հ.Ծ.