ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերեվարված զինծառայողների հարազատներին

144

Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին և հարազատներին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու գործընթացի մանրամասները, նշելով, որ խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով Հայաստանի ԱԱԾ տնօրենը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցներին, քննարկել գերիների փոխանակման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հետ կապված հարցերը։

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այս ուղղությամբ շարունակվում են ակտիվ աշխատանքները նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։ Գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների անձնական գործերը քննության առարկա են դարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել է, որ պաշտպանական գերատեսչությունն այսուհետ ևս գործադրելու է բոլոր ջանքերը՝ գերեվարվածներին օր առաջ Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու համար։