«Աչքերից երբեմն արցունքներ են հոսում»․ Շուշիում վիրավորված Սերգեյն օգնության կարիք ունի

145

Սոցցանցերում տեղեկություն է տարածվել Արցախի հատուկ նշանակության ջոկատի մարտիկ Սերգեյ Կարապետյանի մասին, որը ծանր վիրավորում է ստացել Շուշիի մարտերում։ Սերգեյի հայրը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ դրամահավաք է իրականացվում թանկարժեք վերականգնման ընթացքի համար։

Ստեփանակերտի բնակիչ Արսեն Կարապետյանը մոտ երկու ամիս ստիպված է որդու՝ Արցախի ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատի մարտիկ Սերգեյ Կարապետյանի հետ շփվել վերակենդանացման բաժանմունքում։

Սերգեյն արցախյան պատերազմի մասնակից է, նոյեմբերի 3-ին Շուշիի մոտակայքում վիրավորվել է, նոյեմբերի 4-ին նրան վիրահատել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա հայրը` Արսենը, ասաց, որ որդին կաթվածահար վիճակում է։ Նա ամեն ինչ զգում ու հասկանում է, բայց հպումներին և խոսակցություններին արձագանքում է այս պահին իրեն հասանելի միակ տարբերակով՝ աչքերով։



Սերգեյը 24 տարեկան է, ծնվել և մեծացել է Ստեփանակերտում, մանկուց երազել է հատուկջոկատային դառնալ, տարվել է սպորտով։ Վերջին երկու տարին ծառայում էր Արցախի հատուկ նշանակության զորքերում, միաժամանակ սպորտով էր զբաղվում։ Կարապետյանը սամբոյի Եվրոպայի չեմպիոն է, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Արսենը ասում է, որ որդին մեծ պլաններ ուներ, բայց պատերազմն իր շտկումներն է մտցրել։

«Վիրահատությունից հետո ձեռքերն ու ոտքերը շարժում էր։ Հետո վիճակը վատացավ․ ջերմությունը երկար ժամանակ չէր իջնում, ինչը հանգեցրեց մկանների ատրոֆիայի և կաթվածահարության»,-պատմեց Կարապետյանը։



Սերգեյին ոչ մի րոպե մենակ չեն թողնում, մայրն անընդհատ կողքին է։ Ծնողները փորձում են գոնե բարոյապես օգնել որդուն, զանազան ուրախ պատմություններ են պատմում, զրուցում են հետը, որ իրեն մենակ չզգա։ Սերգեյն այդ ամենին աչքերով է արձագանքում․ հարցերին պատասխանում կոպերը բարձրացնել-իջեցնելով։

«Երբեմն ինչ-որ բաների արցունքներով է արձագանքում։ Սովորաբար դա լինում է, երբ ես կամ մայրը շոյում ենք դեմքը։ Կամ վերջերս, եղբայրը լաց եղավ, Սերգեյի աչքերից նույնպես արցունքներ հոսեցին»,- պատմեց Կարապետյանը։

Հիմա Սերգեյը բուժում է անցնում «Նաիրի» բժշկական կենտրոնում, բժիշկները նրա կյանքը փրկելու համար անում են ամեն հնարավոր բան։ Սակայն Սերգեյին կարող է փրկել միայն երկարատև ու թանկարժեք վերականգնողական կուրսը արտասահմանում։ Հոր խոսքով՝ որդուն նորմալ կյանքի վերադարձնելու մեծ հույս կա, քանի որ գլխուղեղի կեղևը վնասված չէ։ Բժիշկները խորհուրդ են տալիս վերականգնումը շարունակել կամ Գերմանիայում, կամ Իսրայելում։ Դրա համար Սերգեյի մոր` Նարինե Կարապետյանի անունով հաշվեհամար է բացվել` 16600 023444345։

 «Արդեն խոշոր գումար ենք հավաքել՝ մոտ 38 հազար դոլար, բայց ավելին է հարկավոր։ Գումարը կփոխանցվի Արցախի առողջապահության նախարարությանը, որն արդեն պայմանավորվել է արտասահմանյանորպեսզի և կկազմակերպի Սերգեյի տեղափոխումը»,-ասաց հայրը։



Մենք կապ հաստատեցինք նաև «Նաիրի» ԲԿ-ում Սերգեյի բուժող բժշկի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Էռնա Համբարձումյանը պարզաբանեց, որ Սերգեյի հարցով զբաղվում է Արցախի առողջապահության նախարարությունը, բուժկենտրոնը փուլ առ փուլ էպիկրիզներն ուղարկում է գերատեսչությանը։

«Զինծառայողն ակտիվ ռեաբիլիտացիայի կարիք ունի, և համապատասխան կառույցները զբաղվում են այդ հարցով։ Մասնագետները զննել են նրան, օրտեզներ են նշանակել, որոնք տեղադրվել են։ Այդ ամենն արվում է, բայց ակտիվ վերականգնում է պետք, այդ մասին Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացված է»,-ասաց Համբարձումյանը։

Հարցին, թե՞ արդյոք վերականգնողական կուրսը կօգնի, Համբարձումյանը պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա։

 Նշենք, որ Սերգեյին հիվանդանոց են հասցրել կոմայի վիճակում, գանգուղեղի ականա-բեկորային բաց թափանցող վնասվածքով։ Նրա մոտ ախտորոշվել է նաև գանգոսկրի բազմաբեկոր կոտրվածք, գլխուղեղի ծանր աստիճանի վնասվածք, ներստամոքսային արյունազեղում։