Փաշինյանի թիմն ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները. Արա Աբրահամյան

58

ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հարցազրույց է տվել «Հայասա» կենտրոնին՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կնքած եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակին։

Նա շեշտել է, որ Հայաստանին զարգացման ծրագիր է պետք՝ հավելելով, որ Փաշինյանի թիմն այսօր ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները: «Ավելի քան 30 000 փախստականներ զրկված են կացարանից, հազարավոր երիտասարդներ պրոթեզավորման կարիք ունեն: Իսկ իշխանություններն այդ հարցերը լուծելու փոխարեն պատասխանատվությունը գցում են նախկին ղեկավարների վրա»,- ասել է Աբրահամյանը:

«Որքան շուտ հեռանա Փաշինյանն, այնքան ավելի լավ Հայաստանի համար: Այն մարդը, որը կգա իշխանության, պետք է օպերատիվորեն լուծի պատերազմից հետո կուտակված բոլոր խնդիրները և երկիրը պատրաստի նոր ընտրությունների:

Հայաստանի նոր ղեկավարը պետք է գործի բացառապես հայ ժողովրդի շահերից, պետք է անկեղծորեն սիրի հայ ժողովրդին»,- շեշտադրում է հասարակական գործիչը:

Նա հավելում է, որ Ալիևը հասկանում է, որ չի հաղթել, իսկ պատերազմի ժամանակ ոչ ոք չէր հասնակում, թե ինչ է կատարվում: «Հայաստանի ղեկավարության կողմից ռազմական կառավարման միասնական կենտրոն չստեղծվեց, որը կվերահսկեր իրավիճակը Հայաստանում և Արցախում: Ես, լինելով հասարակական կառույցի ղեկավար, կանոնավոր կերպով հանդիպումներ եմ անցկացրել երկրի բարձրագույն ղեկավարության հետ: ՌԴ Գլխավոր շտաբում ինձ հայտնեցին խնդրի առկայության մասին, մեր բանակի տակտիկական սխալների մասին՝ մեր զինվորների աննկարագրելի հերոսության ֆոնին:

Սակայն մեզ չէին լսում, փոխարենը Հայաստանից վստահեցնում էին, որ իրավիճակը վերահսկողության տակ է: Արդյունքում ստորագրեցինք եռակողմ հայտարարությունը»,- նկատում է Աբրահամյանը:

Եզրափակելով իր խոսքը՝ վերջինս նշում է, որ մենք կարող ենք ուժեղ պետություն ստեղծել. «Դրա համար մենք պետք է միավորվենք, չկորցնենք լավատեսությունը և լուսավոր ապագայի հավատը և միասին մասնակցենք ուժեղ Հայաստանի ստեղծմանը»: