Մեր Ֆրունզը

407

1993 թվականի դեկտեմբերի 29-ին Երևանյան իր բնակարանում մահկանացուն կնքեց հայ թատրոնի ու կինոյի մեծագույն արտիստը՝ Մհեր Մկրտչյանը:

Ստորև ներկայացնում ենք «Ֆիլմ» թերթի երկարամյա խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հուշերը՝ Ֆրունզի մասին.

Հայաստանի Հանրապետության անկախության 2-րդ տարեդարձն է:

Ատոմակայան ունեցող հանրապետությունը մթությամբ է ողողված…

Ֆրունզիկ Մկրտչյանը, եղբայրը՝ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եւ ես Մհերի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ գտնվող մեկսենյականոց բնակարանում մոմի լույսի տակ թեթեւ ըմպում ու զրուցում ենք դեսից-դենից։

Մի գորշ ու աննկարագրելի տագնապ կա բոլորիս մեջ։ Մեկը մյուսի հետեւից քանդվում են արվեստի օջախները, մարդիկ հեռանում են Հայաստանից եւ այլն, եւ այլն: Մեկ էլ, ով հրաշք, էլեկտրալամպը վառվում է: Մհերը գոռալով՝ «վերակենդանանում է» ու մոտենում տաք ջրի ծորակին: Իսկապես, մի քանի րոպե հետո տաք ջուրը գալիս է:

Է՜հ, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար,- ասում է Մհերը:- Տղե՛րք, մի քանի րոպե համբերեք, ես մտա լոգարան։

Մեկ էլ հոմերական ձայնով լոգարանից գոռում է.

– Ա՛յ, շա՜տ ապրես, Խաչիկ Ստամբուլցյան, ապրե՛ս, Խաչի՜կ Ստամբուլցյան:

Խաչիկը այդ ժամանակ կարծես ՀՀՇ-ի սիմվոլն էր: Չանցած մի քանի րոպե՝ լույսերը հանգչում են, ու տաք ջուրը կտրվում: Մհերի օրհնանքը վայրկենապես փոխվում է աշխարհիս երեսին եղած տնական հայհոյանքների… Հո չի՜ գոռում, հո չի՜ գոռում։

– Խաչիկ Ստամբուլցյա՛ն, ես քո՛… Խաչիկ Ստամբուլցյա՛ն, ես քո՛…

Ալբերտն օգնում է, որ մարմինն ու երեսն օճառած Մհերը դուրս գա… Ալբերտն արագ-արագ սրբում է, իսկ ես զանգում եմ Թամար Հովհաննիսյանին, որը այնքան էլ հեռու չէր ապրում: Թամարն ասում է, որ իրենք դեռ հոսանք ունեն, երեխային լողացնելու համար ջուր է տաքացրել։ Գնում եմ բերելու: Երկու դույլ տաք ջուր ենք բերում: Թամարի օգնությամբ Մհերի վրայից օճառը մաքրվում է:

Նստում ենք ու մեր կախյալ անկախության կենացն ենք խմում, մտաբերում Խաչիկին ու մյուսներին։

Մինչեւ հիմա ինձ թվում է, թե Մհերի վրայի օճառը դեռ չի մաքրվել։

***

Ընկերներս, բարեկամներս, Սպիտակի շրջանի ղեկավարները ինձ հաճախ էին հարցնում , թե մի օր երբ ես Ֆրունզիկ Մկրտչյանին Սպիտակ բերում : Նույնիսկ նախատում էին , կատակով ամոթանք տալիս , որ «ՖԻԼՄ» թերթի խմբագիրն ես ու նրա հետ հանդիպում չես կազմակերպում: Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը նոր էր ավարտել «Մեր մանկության տանգոն» և նրա հետ որոշեցինք առաջին ցուցադրությունն անցկացնել Սպիտակում ու մեկ-երկու օր հանգստանալ : Հասկանալի է , ղեկավարությունը լավ նախապատրաստվել էր , առաջին քարտուղարը նույնիսկ իրեն սպասարկող մեքենան էր ուղարկել, ազդագրեր, հրավիրատոմսեր էին տպել , և այլն և այլն:

Չհասծ Ափնա գյուղ, մեկ էլ անսպասելիորեն մաքենայի առաջը կտրում են : Իջնում եմ , սպիտակցի տղաներ են ՝ Պողոսյան Դավիթի ղեկավարությամբ: Եկել են մեզ դիմավորելու: Դե շրջանի ղեկավարի մեքենայով ենք գնում , գույնով , համարով տղերքը գիտեին… Ասում եմ շնորհակալություն, դե շարժվեցինք… Ասում են չէ որ չէ , Մաթոսյան ջան , էս աջ կողմի ոլորանի վետերոկում սեղան ենք գցել… .Տղերք ջան ժամանակ չկա , առանց այն էլ քարտուղարը սպասում է , պայմանավորված ժամ ունենք..

.Մեկ էլ Ալբերտը մեր մեքենայի միջից զայրացած գոռում է.

– Էդ ովքե՞ր են է… Մոտենում եմ , իրադրությունը բացատրում: Մեկ էլ Ֆրունզիկ Մկրտչյանը , ով կյանքում հավանաբար շատ ու շատ նման պահեր էր ունեցել , հանգիստ տոնով ասում է.

–  Էհ քարտուղար է , թող սպասի.. Բոլորն իրար երեսի են նայում ու ժպտալով ասում .

– Էհ քարտուղար է թող սպասի…

– Թող սպասի…Մնացյալը հասկանալի է , սեղանի քարտուղարությունը սպիտակցի տղերքն իրենց ձեռքն էին վերցրել :

– Մի փոքր դադար առնելու , համ էլ զանգելու, զգուշացնելու համար սկզբում մտնում ենք , ճանապարից ոչ հեռու գտնվող , Սպիտակի մեր տուն… Սովորական հասարակ մի տուն ՝ պատերին փակցված կարպետներ : Փայտե հնաոճ մահճակալներ… Հաստ , բայց կոկիկ իրար վրա դարսած անկողիններ: Մեկ էլ ֆրունզիկ Մկրտչյանը հիացած վրա է բերում..

– Ես այստեղից ոչ մի տեղ էլ չեմ գնա : Նույնիսկ Լենինականում Արամայիսի կազմակերպած  «Ծիծաղի տուն» չեմ գնա… Այս տունը մեր հին տունն է հիշեցնում… Եթե դեմ չեք , Թամարն էլ համաձայն է, ուրիշ տեղ չեմ գնա , դիմելով մորս ասում է նա :

Այդ օրվա սցենարով նախատեսվածը առաջին քարտուղարի ընդունելությունն ու ճաշն էր… Իսկ  «Տանգոյի» ցուցադրությունը հաջորդ օրն էր:

Դեռ Երևանում Արամայիս Սահակյանը ինձ խնդրել էր ,ասելով հույսս դու ես , ինձ Ֆրունզիկը մերժել է, պատասխանելով , որ Սպիտակ եմ գնում : Եվ եթե կարող ես , Սպիտակից ընդամենը մեկ ժամով Ֆրունզիկին մի կերպ Լենինականյան երեկոյին հասցրու. առանց նրա, ի՞նչ «Ծիծաղի տուն»:

Կարճ ասաց մի կես ժամ ուշացումով, նույն ծառայողական մեքենայով 20-25 րոպեից Լենինականում ենք: Երբ ֆրունզիկ Մկրտչյանը լեփ-լեցուն դահլիճ մտավ , Դուք պիտի այդ պահի ականատեսը լինեիք… Մի քանի րոպե շարունակ հադիսատեսը ոտքի կանգնած ծափահարում էր, ծափահարում էր իր տաղանդաշատ Զավակին… Եվ ապրիլմեկյան «Ծիծաղի տունը» մի իսկական ծիծաղի տոնի վերածվեց: Մուշեղիչն իր ասելիքն ասաց ու անմիջապես դեպի Սպիտակ: Բոլորն անհամբեր սպասում էին:

Հաջորդ օրը նույն որոտընդոստ ծափահարությունները այս անգամ արդեն Սպիտակի «Գարուն» կինոթատրոնում: Այդ ծափահարությունները տեսել եմ Հայաստան աշխարհի ամեն մի քաղաքում ու գյուղում, որտեղ որ եղել ենք Մեծ Արտիստի հետ: