Էդմոն Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է հրաժարական տալ

69

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկայացրել է ԼՀԿ-ի դիրքորոշումը: Այդ մասին Մարուքյանը հայտնել է  վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

«Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ պետք է երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնել և նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Այդ ընթացքում քննարկելի է նաև Սահմանադրության մեջ փոփոխությունների հարց, ինչի մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ»,- ընդգծել է ԼՀԿ խմբակցության ղեկավարը: