Եթե Ադրբեջանը չհաղթեր, սա կլիներ վերջին պատերազմը. Կարեն Հովհաննիսյան

516

Վերջին պատերազմում կրած պարտության պատճառների և այլ հարցերի շուրջ Azgonline-ը զրուցեց թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:

Ինչպե՞ս կգնահատեք վերջին պատերազմը, ո՞րն(որոնք) էր մեր պարտության պատճառը(ները):

Պատերազմը գնահատելուց առաջ, պետք պատերազմ երևույթը բաժանենք երկու մասի՝ քաղաքական ու ռազմական: Քաղաքական առումով պատերազմը տանուլ ենք տվել. չեն եղել քաղաքական ճիշտ հրամաններ, չի դրսևորվել քաղաքական ամուր կամք,  հետևաբար, տանուլ ենք տվել նաև ռազմական առումով, բայց սա չի նշանակում, որ բանակը պարտվել է, որովհետև բանակը իրականացրել է իր առջև դրված խնդիրները, և ես վստահ եմ, որ դեռ իրականացնելու էր:

Որո՞նք էին իշխանության վարած քաղաքականության թերացումները, որոնք պարտության պատճառներ հանդիսացան:

Կարծում եմ՝ առաջինը իշխանությունների սեփական ամբիցաներն էին, որ թույլ չտվեցին համախմբվել առավել փորձառու գործիչներին, չտրվեցին որոշումներ կայացնելու լծակներ, որպեսզի այդ մարդիկ գործեին:
Միգուցե իշխանություն վախենում էր, որ այդպես գործելու դեպքում, նրանք կկորցնեն իշխանությունը կամ հաղթանակի դեպքում դափնիները նրանք չեն վայելի:
Մյուս կողմից, ներկայիս իշխանությունը,  հայերին ու ադրբեջանցիներին պատրաստում էր համակեցության, բայց Ադրբեջանը վարելով հայատյաց քաղաքականություն, մերժեց մեր իշխանությունների առաջ քաշած թեզն ու հասավ զգալի հաջողությունների:

Ի՞նչ եք կարծում՝ սա վերջին պատերազմն էր, թե էլի է պատերազմ լինելու:

Պատերազմ կանխատեսելը մի փոքր անշնորհակալ գործ է, բայց կարող եմ ասել, որ սա վերջը չի, տարածաշրջանում դեռ քարտեզների վերաձևում է ընթանում:
Եթե պատերազմը ավարտվեր Ադրբեջանի պարտությամբ, սա վերջինը կլիներ, բայց քանի որ Ադրբեջանը հասել է հաջողության, ավելին ասեմ, սպասվածից ավելի մեծ հաջողության, ապա, կարող եմ ասել, որ տարածաշրջանում խառնվել են խաղացողների խաղաքարտերը և բոլորն էլ կարգավիճակի հստակեցման խնդիր ունեն, թե ով ինչ ազդեցության ոլորտներ ունեն, տվյալ դեպքում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, եթե ասում եմ Թուրքիա, ապա պետք է հասկանալ ՆԱՏՕ:
Միգուցե ավարտվել է պատերազմի մասշտաբային փուլը, բայց տեղային ռազմական բախումներ լինելու են: Մենք կմասնակցենք այդ բախումների, թե ոչ՝ պահը ցույց կտա:

Կարո՞ղ ենք` մի օր Շուշին, Հադրութը և մնացած կորցրած տարածքները հետ վերադարձնենք:

1980-ական թվականների վերջերին որ մեկի մտքով չէր անցնի, որ մենք կարող ենք երկրորդ հայկական պետականությունը ստեղծել, բայց ստեղծեցինք: Այն ժամանակ ավելի շատ տարածքային կորուստներ ունեինք, բայց կարողացանք վերականգնել:
Ճիշտ է, այսօր տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակը բոլորովին այլ է, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, որ եթե ունենանք ռազմաքաղաքական կանխատեսելի հայամետ իշխանություն ու կարողանանք մեկ-երկու տարում ռազմական, տնտեսական կորուստները վերականգնենք, վերակազմավորվենք, միանշանակ, կարող եմ ասել՝ ոչ միայն Շուշին ու Հադրութը, այլ մնացած՝ մեզ համար կենսական նշանակություն ունեցող տարածքները, ևս կարող ենք վերադարձնել: