«Գերակատարվող» բյուջեի հեքիաթը և հիմնադրամից վերցված 52 մլրդ դրամը. Yerevan.today

46
article-image

«Yerevan.today»-ը գրել է.

«Երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի ստեղծած կեղծիքի և ստի քարոզչամեքենան փորձում էր ինչ-որ ձեռքբերումների մասին խոսել, հակադրվելու համար համընդհանուր ձախողման մատնված կառավարությանն ուղղված քննադատություններին։ Որպես «հաջողություն» հիմնականում նշվում էր երկու ուղղություն՝ ճանապարհաշինություն և բյուջեի եկամուտների գերակատարում։ Իրականում երկուսն էլ գոյություն չունեին։

Ճանապարհաշինության ծավալների մասին Նիկոլ Փաշինյանի հայտնած տվյալները մշտապես հակասել են վիճակագրության պաշտոնական տվյալների հետ, երբեք «աննախադեպ» չեն եղել, իսկ 2000-ականների համեմատ ընդհանրապես ծիծաղելի ծավալներ են ունեցել։ Նույնը պետք է ասել նաև պետական բյուջեի եկամուտների՝ երկու տարում իբր 1 մլրդ դոլարով ավելացնելու մասին։ Բազմաթիվ հրապարակումներում, հիմք ընդունելով վիճկոմի և պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող պաշտոնական տվյալները, ցույց ենք տվել այն ակնհայտ կեղծիքն այստեղ, որ հնչում էր իրեն վարչապետ համարողի կողմից։

Եվ ահա այսօր, բյուջեի եկամուտների «գերակատարող» կառավարությունը ստիպված է եղել վերցնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար հանգանակած գումարը՝ մոտ 52 մլրդ դրամ պետական բյուջեի եկամուտները համալրելու համար։ 1 մլրդ դոլար կամ մոտ 500 մլրդ դրամ իբր թե հավելյալ եկամուտներ ապահոված կառավարությունը գնացել է նման սկանդալային և հակաօրինական քայլին՝ ամբողջ աշխարհի հայերի կողմից պատերազսմի կարիքների համար հավաքված գումարով պետական բյուջեի ծախսերը կատարելու համար։ Սակայն, դա էլ չի նպաստել, որ անգամ ճշգրտված բյուջեով նվազեցված  եկամուտները կարողանար ապահովեր։ Այս տարվա 10 ամիսների արդյունքով բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 248 մլրդ դրամ կամ նախատեսվածի մոտ 79,8 տոկոսը։ Հանենք վերոնշյալ 52 մլրդ դրամը սրանից և կստանանք շատ ավելի ողորմելի ցուցանիշ՝ 1 տրլն 196 մլրդ դրամ։ Կասեն՝ դե պատերազմ էր և դրանով պայմանավորված տնտեսական վիճակը վատթարացել է և այլն։ Ոչ, տնտեսական վիճակը վատթարացել է ավելի քան երկու տարի առաջ և տնտեսության «փայլուն» ցուցանիշների մասին կեղծիքներն այսօր ամբողջությամբ սկսել են դրսևորվել։  Այլապես կառավարությունը հարկադրված չէր լինի իր «գերակատարածի» 10 տոկոսի չափով գումար վերցնել հիմնադրամից։  Դրա օրինականության հետ անհամապատասխանության մասին դեռ չենք խոսում։

Եթե շարունակվեր 2017 թ․-ին սկսված և 2018 թ․-ի առաջին երեք ամսիներին շարունակվող բարձր և որակյալ տնտեսական աճը, երբ սկսեց բարձր տեմպերով զարգանալ  արդյունաբերությունն ու ավելացան արտահանման ծավալները, երկարատև անկումից հետո աճ արձանագրվեց շինարարությունում և գյուղատնտեսությունում, ապա հիմա պատկերն այլ կլիներ։ Մենք թե պատերազմին, թե կորոնավիրուսին կբախվեինք ավելի մեծ դիմադրողականությամբ և ավելի քիչ կորուստներ կունենայինք։ Սակայն նորկա իշխանությունը ջախջախեց մեր տնտեսական աճը, վանեց ներդրողներին, սկսեց հարկային տեռոր կիրառել փոքր բիզնեսի նկատմամբ, դադարեցրեց գյուղատնտեսության աջակցության ծրագրերը և մենք ստացանք ներկայիս տնտեսությունը, որից չի հաջողվում անգամ նվազեցված հարկային եկամուտները ստանալ, չխոսելով մնացած բոլոր բացասական հետևանքների մասին։    

Հարց է առաջանում, ի՞նչ է լինելու հետո, երբ տնտեսության վրա պատերազմի ծանրագույն հետևանքները ամբողջ ուժգնությամբ ազդեն։ Մասնավորապես, ինչպե՞ս է կառավարությունն ապահովելու բյուջեի եկամուտները։  Դարձյալ ձեռք է մեկնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությունից մնացած գումարներին։ Լավ դա էլ վերցրեցին դեմքը փրկելու համար, իսկ հետո՞։ Ակնհայտ է, որ ինչպես անվտանգության և մեր պաշտպանունակության առումով, այնպես էլ տնտեսական վիճակի առումով այս կառավարությունը մեզ հասցրել է անդունդին և իր ղեկավարով հանդերձ պետք է նետվի, նրանց սիրելի արտահայտությամբ՝ «պատմության աղբարկղը»։ Միայն ադեվատ ու մասնագիտական պատրաստվածություն  ունեցող կառավարություն ունենալու դեպքում  հնարավորություն կստանանք մեղմացնելու օրեցօր խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքները»։

Աղբյուր՝ Yerevan.today