Արցախի մի քանի թանգարանից դուրս բերված ցուցանմուշներն ապահով վայրում են

46

Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմից հետո Արցախից դուրս են բերվել Բերձորի և Ստեփանակերտի երկրագիտական, Շուշիի գորգերի և Տիգրանակերտի հնագիտական թանգարանների ցուցանմուշները, որոնք այժմ ապահով վայրում են:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

«Ես չեմ կարող ասել, թե որտեղ են ցուցանմուշները, բայց դրանք ապահով վայրում են: Մենք պատրաստ էինք Շուշիում գտնվող այլ թանգարանների ցուցանմուշները ևս ապահով տեղ տանել, սակայն սեփականատերերը, տնօրենները չցանկացան դա անել, քանի որ չէին պատկերացնում, որ Շուշիի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին: Նրանք ապահով վայր են տարել ցուցանմուշները, դրանք պահել նկուղներում, բայց մենք չգիտենք, թե հիմա որտեղ են դրանք և ինչ վիճակում են»,-նշեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանին առաջարկել է ցուցանմուշները փրկելու նպատակով դիմել ռուսական կողմին, բանակցություններ վարել, բայց այդ բանակցությունները դեռ չեն սկսվել: «Բանակցային գործընթաց չսկսելու հիմնական պատճառաբանությունն այն է, որ քանի դեռ գերիների և անհետ կորածների հարցը չի լուծվել, այլ հարցերով չեն կարող զբաղվել: Կարծում եմ՝ մեկը մյուսին չի խանգարում, և գործընթացները պետք է զուգահեռ իրականացվեին»,-ասաց Խաչատուրյանն ու տեղեկացրեց, որ կարողացել են Արցախից դուրս բերել մոտավորապես 200 փոքր ծավալի շարժական կոթող՝ խաչքարեր, տապանաքարեր և այլ նմուշներ, որոնք ևս ապահով վայրում են:

Արցախի մշակութային կենտրոնում՝ Շուշիում գործում է չորս պետական և երկու մասնավոր թանգարան: Դրանք են՝ Կերպարվեստի պետական թանգարանը, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, Շուշիի պատմության թանգարանը, Շուշիի պատկերասրահը, Շուշիի գորգերի և Ժամհարյանի մասնավոր թանգարանները:

Միայն Գորգերի թանգարանի ցուցանմուշներն են տարհանվել:

Անժելա Համբարձումյան

Yerkir.am