Պուտինի պատասխանատու դիրքորոշումը և ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելուն ուղղված ջանքերը թանկ արժեն, դրանք դժվար է թերագնահատել. Պեսկով

163

Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում: Այս մասին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ընդհանուր առմամբ, 2020 թվականին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունները Եվրոպայում, ինչպես նաև հենց մեր սահմանների մոտ, դա այն է, ինչ միջազգային հանրությունը չպետք է թույլ տար: Տվյալ դեպքում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, այդ ամենը կանգնեցնելուն ուղղված նրա ջանքերը, դրանք իհարկե թանկ արժեն, և դժվար է թերագնահատել դրանք»,- ասել է Պեսկովը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Պուտինին հաջողվել դա անել, Պեսկովը նշել է, որ դա տեղի է ունեցել և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ բարի և կառուցողական հարաբերությունների պահպանման շնորհիվ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, ինչն էլ թույլ է տվել Պուտինին միջնորդ հանդիսանալ կարգավորման գործում:

Պեսկովը հավելել է, որ չի պատկերացնում, թե ինչ կարող էր Պուտինն ասել Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ կանգնեցնելու համար ռազմական գործողությունները: «Պուտինն անձամբ է զբաղվել այդ հարցով: Նա երկար օրեր է անցկացրել հեռախոսի խոսափողը ձեռքում»,- հավելել է նախագահի խոսնակը:

Վերջինս շեշտել է, որ Պուտինը ստիպված է եղել զրույցներ ունենալ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որոնց մի մասի մասին է տեղեկություն հրապարակվել մամուլի ծառայության կողմից:

Անդրադառնալով պատերազմում ընկած 5000 զոհերին՝ Սոլովյովը համեմատականներ է տարել երկրի բնակչության և կրած մարդկային կորստի մասշտաբների միջև: Ըստ նրա՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի բնակչության թիվը, զոհերի քանակը և համեմատելով Ռուսաստանի մասշտաբների հետ՝ կարելի է պատկերացնել, որ 40 օրում ՌԴ-ում 350 000 մարդ կզոհվեր:

https://www.tert.am/files/14072017/1/4/IMG_8746.MP4