Մարդու իրավունքների խախտումները Թուրքիայում գերակայել են 2020 թվականի համավարակի ընթացքում. Deutsche Welle

260

Թուրքիան անարդար դատավարությունների, երկարատև ձերբակալությունների, բանտարկյաների դեմ վատ վերաբերմունքի և տանջանքների ևս մեկ տարի անցկացրեց՝ «Քովիդ19»-ի համավարակի տարածման ֆոնին: Այս մասին գրում է Ahval News-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ի թուրքական ծառայության հրապարակումը:

DW-ն ներկայացրել է 2020 թվականին Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների հանգեցրած զարգացումների ցանկը՝ շեշտելով, որ իշխանությունները շարունակում են կալանավորել և դատապարտել լրագրողներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ակտիվիստներին և իրավապաշտպաններին՝ առանց հանցավոր գործունեության հիմնավոր ապացույցների:

Պարբերականը հիշատակում է հայտնի գործարար Օսման Քավալայի ձերբակալությունը, որը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 18-ին: Վերջինս ևս մեկ տարի անցկացրեց բանտում՝ առանց դատապարտվելու որևէ հանցագործության համար: Նրան ազատ էին արձակել այս տարի, սակայն կարճ ժամանակ անց կրկին ձերբակալել են այլ մեղադրանքով:

Աղբյուրը բերում է նաև «Ազգերի ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության (HDP) նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի օրինակը, որին դեռ կալանքի տակ են պահում՝ չանայած նրան ազատ արձակելու մասին ՄԻԵԴ-ի որոշմանը:

Բացի այդ, այս շաբաթ թուրքական դատարանն ավելի քան 18 տարվա ազատազրկման է դատապարտել լրագրող Ջան Դյունդալին լրտեսության և ավելի քան 8 տարվա ազատազրկման՝ ահաբեկչական խմբավորմանն աջակցություն ցույց տալու համար: