Հավկիթներ, հայհոյանք, ծեծկռտուք ԱԺ-ի շրջակայքում. քրեական գործեր են հարուցվել

142

Այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ազգային ժողովի շենքի մուտքերի մոտ՝ «ամոթի պատ» կազմելով շենք մուտք գործող իմքայլական պատգամավորների համար: Որոշ քաղաքացիներ էլ հավկիթներով են դիմավորել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին. հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:

«Ակցիայի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայհոյել է ցուցարարներին, վերջիններս հավկիթներ են նետել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:

Նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ավտոմեքենայից դուրս է եկել և հայհոյելով հարձակվելով ակցիայի մասնակիցների վրա։

Ոստիկանության կողմից պատգամավորների նման վարքագիծը մնացել է անարձագանք: Փոխարենը բերման են ենթարկվել  երեք տասնյակից ավել քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մաթիլյանը:

Ավելի ուշ ակտիվիստներն ազատ են արձակվել, սակայն նրանցից մի մասի դեմ հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրության մեջ։